Ինքնասպանների 99, 9%-ի մոտ ախտորոշվում է կա՛մ շիզոֆրենիա, կա՛մ՝ մանիակալ դեպրեսիա. հոգեբույժ

11:37 • 24.11.12

Ինքնասպանների 99,9 տոկոսը հոգեկան հիվանդներ են: Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի նախկին գլխավոր հոգեբույժ, լայն պրոֆիլի հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե համակարգիչն ու հեռուստատեսությունը կարո՞ղ են դեռահասին մղել ինքնասպանության:


«Ինքնասպանների կամ ինքնասպանություն գործածների մոտ կա՛մ կհայտնաբերվի շիզոֆրենիա, կա՛մ ՝ մանիակալ դեպրեսիա»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ երեկ Երևանի Ավանի Նարեկացի 48 հասցեում գտնվող իր բնակարանի 11-րդ հարկից նետվելով՝ ինքնասպան է եղել 1999–ին ծնված Է.Սարգսյանը:



Լրատվամիջոցներից մեկը հաղորդել էր, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության դրդելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում աղջկա մայրը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը օգտվում էր համակարգչից, որտեղից նա ավելի շատ դիտում էր սատանայական տեսահոլովակներ:


Հաղորդվում է, որ Ոստիկանությունը ներկայումս երկու վարկածի ուղղությամբ էր աշխատում, դժբախտ պատահարի և ինքնասպանության:


Հարություն Մինասյանի գնահատմամբ՝ ոչ մի տեսահոլովակ կամ հեռուստատեսություն չի կարող առողջ մարդուն դրդել ինքնասպանության:


«Համակարգիչը միայն դրական բան է, որը հանդիսանում է ինֆորմացայի հզոր աղբյուր: Այնպես որ ասել, որ համակարգիչը կարող է նման բանի դրդել, նույնն է, թե ասել, որ հացի դանակը վատ բան է. դանակով կարելի է և՛ հաց կտրել , և՛ մարդ սպանել»,- ասաց Հարություն Մինասյանը:


Ի դեպ, նա այս պահին բուժում է իրեն 12-րդ հարկից ցած նետած մի անձի, որն ընդամենը ոտքի կոտրվածք է ստացել:


Ի պատասխան հարցի, թե ինչո՞վ է հիվանդը պատճառաբանում ինքնասպանության իր փորձը, հոգեբույժն ասաց, որ «ամեն մի հիվանդ իր բացատրությունն ունի»: