Իրական հերոսը մինչ այսօր դեռ հերոսի կոչում չունի. ընկերները Լեոնիդ Ազգալդյանի մասին

13:45 • 24.11.12

«Ազատագրական բանակի» գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ընկեր ու զինակից, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և Ազգալդյանի մտերիմ ընկեր Նորիկ Գալստյանն այսօր հերթական անգամ իրենց մեծ մտահոգությունը բարձրաձայնեցին` հիշեցնելով հայ հասարակությանը, որ Ազգալդյանի նման իրական հերոսը մինչ այսօր հերոսի կոչում չունի: «Երկար ժամանակ Լեոնիդի մասին լռել էինք, իսկ նրա մասին խոսելը նախ և առաջ պետք է սերունդ դաստիարակելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գագիկ Գինոսյանը` ևս մեկ անգամ հավաստելով, որ անկախ ամեն ինչից Լեոնիդ Ազգալդյանը մնալու է պատմության էջերում:


«Ազգալդյանի կերպարն անձեռակերտ հուշարձան է, և մենք պարտավոր ենք բոլոր հերոսների արձանները կանգնեցնել Երևանում»,- ասաց Գինոսյանը` նշելով, որ նախորդ իշխանությունները արգելում էին նրա մասին հոդվածներ տպագրել. «Ես չեմ ասի, որ այս իշխանություններն ավելի բարի են հերոսների նկատմամբ, ես վստահ եմ, որ նա վաղուց արժանի է հերոսի կոչման»:


Այս ասելով Գինոսյանը մեջբերեց այն ասացվածքը, ըստ որի բլուրի համար Արարատ լեռան գոյությունը վնասակար է: «Կան ինչ-որ աներևույթ ուժեր, որոնք շահագրգռված են քողարկելու Լեոնիդի կերպարը»,-ասաց նա` փաստելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը հովանավորել է Ազգալդյանի մասին գրքի տպագրությունը, բայց նրան ազգային հերոսի կոչում շնորհելուն ուղղված կառավարական հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց: