Թշնամի ազգեր չկան, կան վատ մարդիկ. Լևոն Արոնյանն ադրբեջանցիների հետ խաղի մասին
Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ասում է, որ թշնամի ազգեր չկա, այլ կան վատ մարդիկ և ինչպես իր, այնպես էլ Հայաստանի շախմատի հավաքականի համար դժվար չէ խաղալ ադրբեջանցի շախմատիստների հետ:
«Մենք միշտ փորձում ենք մեր խաղում մոռանալ, թե ում հետ ենք խաղում, մարդու ազգության մասին չմտածել: Թշնամի ազգեր չկան, կան վատ մարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Արոնյանը խոսեց դեկտեմբերի 1-10-ը London Chess Classic մրցաշարի մասին, որին կմասնակցի նաև ինքը՝ նշելով, որ իր համար կարևոր է, քանի որ այդ մրցաշարում ինքը երբեք չի հաղթել:
«Այդ մրցաշարում երբեք չեմ հաղթել և նման ուժեղ մրցաշարերում հաղթելու իմ ցանկությունը մեծ է, ես կփորձեմ հաջողության հասնել»,- նշեց նա:
Լևոն Արոնյանը նշեց, որ իր համար կարևոր է լավ մեկնարկը, որը նա անցկացնելու է Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ:
«Հիկարուի հետ մենք բազմաթիվ անգամներ ենք հանդիպել: Մեր վերջին պարտիայում ինձ հաջողվել է հաղթանակ տանել, իսկ մինչ այդ պարտվողի դերում ես էի եղել: Այս անգամ ևս կփորձեմ կիրառել նույն մարտավարությունը, որն ինձ հաղթանակ է բերել: Լավ մեկնարկը շատ կարևոր է, այդ պատճառով էլ կփորձեմ հաղթել»,- ասաց նա:
Ըստ նրա, իր հիմնական մրցակիցը Մագնուս Կառսլենն է, որի հետ բոլոր հանդիպումներն էլ Արոնյանի խոսքով՝ միշտ մեծ հետաքրքրություն են առաջացնում:
«Լոնդոնի այս մրցաշարին միշտ ուժեղ շախմատիստներ են մասնակցում, այս տարի այն հետաքրքիր փորձ կլինի, քանի որ մրցողներից մեկը կլինի աշխարհի պատմության ամենաուժեղ կին շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը»,- նշեց շախմատիստը։
Լևոն Արոնյանն ավելացրեց, որ առաջին մրցաշարը չի, որ մրցում է ուժեղագույնների հետ, և բոլոր շախմատիստներն էլ արդեն գիտեն ինչ սպասել իրարից:
Գրոսմայստերը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերին, մասնավորապես, թե գալիք նախագահական ընտրություններին ում կցանկանար հաղթող թեկնածու տեսնել:
«Դժվարանում եմ ասել, նման բաներից հեռու եմ, ասել չեմ կարող: Մենք սպորտսմեն ենք ու քաղաքական հարցերին չենք խառնվում», -ասաց նա:










