«Մարտի մեկը»՝ հայոց պատմության դասագրքում. զետեղվածը որակվում է որպես սրիկայություն և խղճի դեմ բան

18:29 • 24.11.12

Լուսանկարը Photolur–ի


Բարձրագույն ուսումնական հաստատությունների համար 2012-ին լույս տեսած Հայոց Պատմություն դասագրքում 2008 թվականի նախագահական ընտրությունների ու հետընտրական շրջանին՝ մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող հատվածը, որի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է, սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել:


«Կոպտորեն մերժելով ընտրությունների արդյունքները, ընդդիմության արմատական թևը, իշխանությունների ամենաթողության պայմաններում արհամարհանքով խախտելով օրենքով սահմանված կարգը, փետրվարի 20-ից Երեւանում սկսեց հանրահավաքների շարք:… Ընտրություններում հաղթած Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին նախագահի մյուս թեկնածուներին համագործակցության կոչ արեց»,– գրում է հեղինակը:


Այնուհետև Էդիկ Մինասյանը նշում է, որ «արմատական ընդդիմության բողոքի գանգվածային գործողությունները շարունակվում էին։ 10 օրերի ընթացքում ընդդիմության կազմակերպած չարտոնված հանրահավաքները վերջնականապես ապակայունացրին իրավիճակը ողջ երկրում։ Առաջացած անվստահության մթնոլորտում արմատական գործելաոճ որդեգրած Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների արհամարհանքին էին հանդիպում տարբեր հասարակական կազմակերպությունների, արվեստի ու գիտության գործիչների, հայոց կաթողիկոսի հանդուրժողականության կոչերն ու հայտարարությունները»։


Պատմության դասագրքում նա առատորեն օգտագործում է գնահատողական դատողություններ առատորեն օգտվելով տարբեր բառեր փակագծերի մեջ առնելու հնարքից: Մասնավորապես, «..բայց ընդդիմադիրները, արհամարհելով բոլոր խորհուրդները` «հմտորեն» օգտագործեցին ստեղծված իրավիճակը։… Զանգվածների հուզական տրամադրությունն ավելի սրելու համար Լևոն-Տեր Պետրոսյանն ու նրա կողմնակիցները անում էին «իշխանավորներին պատժելու» զանազան հայտարարություններ»:


Եվ «հանգուցալուծումը». «Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներր շարունակում են վիճարկել ընտրությունների ելքն ապօրինի միջոցներով։ Ընդդիմության ներկայացուցիչների մի խումբ մարտի 1-ին անկարգություններ են իրականացրել Երևանի կենտրոնում՝ պատճառելով վնաս քաղաքացիների և պետության գույքին, ինչպես նաև ստեղծելով ուղղակի սպառնալիք քաղաքացիների անվտանգությանը, ինչը վիճակը դարձնում է անվերահսկելի»:


Tert.am –ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ հեղինակը իր խղճի դեմ բան է արել:


«Եթե նման մարդիկ փորձում են կեղծել իրականությունը և պատմություն կերտել, ուրեմն մենք սերունդ չեն դաստիարակի, ուրեմն՝ էս երկրում ոչ մի ճշմարտություն չկա»,– ասաց նա։


«Եթե սա վերաբերեր հեռավոր անցյալին, միգուցե շատերը հավատային, բայց այսօր՝ մեր օրերում տեղի ունեցած ողբերգությունը, որը հրահրվեց և կատարվեց բռնապետական ռեժիմի կողմից, ներկայացնել այդպես, ապա կարծում եմ՝ նման անձը ոչ միայն դեկան լինելու, այլև իրավունք չունի մատաղ սերնդի հետ շփվելու»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:


Նրա կուսակից Գուրգեն Եղիազարյանն ավելի «արմատական» էր իր գնահատականներում: «Կատարվել է սրիկայություն. լկտի սրիկան, որ իրեն գիտնական է համարում՝ արհամարհելով պատմական իրողությունները և փաստերը, թե ինչ է կատարվել 2008 թվականի մարտին Երևանի կենտրոնում, սրիկայաբար, տականքաբար խեղաթյուրել է փաստերը, և ուսանողներին մատուցում է իշխանահաճո մտքեր»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ պատրաստ է «էդ լկտիի» հետ ցանկացած վայրում հանդիպել և զրույցել «մարտի մեկով»:



Հրապարակախոս Լիզա Ճաղարյանը նույն տիրույթում հավելում է.«Էջս չեմ ուզում կեղտոտել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան կոչեցյալ պատմություն կեղծողի և իր մանկլավիկ դոնդողների հայտարարությամբ` «Հակահարվածի» տղաների մասին, բայց դիմում եմ այդ ֆակուլտետի ուսանողներին. եթե դուք արժանապատվություն ունեք, ուրեմն` պետք է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ տաք ողջ ֆակուլտետի ուսանողության անունից ներկայացված 37 թվի գարշահոտ արձակող ճիվաղային այդ հայտարարությանը»:


Հիշեցնենք, որ նրան վերագրվում էր Պատմության ֆակուլտետի դիմաց «Հակահարված» art-ի ուսանողներին հարվածներ հասցնելը, թեև լրագրողների հետ հանդիպմանը դեկանը հերքել էր ասելով, որ ինքը այդ մարդը չէ, որ ուսանողին հարվածի:

Ֆեյսբուքյան օգտատեր Վարուժան Բաբաջանյանն էլ համոզված է, որ Էդիկ Մինասյանը իր բուհական դասագրքի համար որպես սկզբնաղբյուր օգտագործել է «Հայլուրի» արխիվը և հավելել.«Հայաստանում իր գործունեությունն է սկսել հայոց պատմության ադրբեջանական դպրոցը՝ կեղծ, շինծու, ծախու: Հակառակ պարագայում ինչո՞ւ եք պատմության դասագրքերը վերածում ներկլանային արխիվային զիբիլանոցի, որից միայն ստորաքարշության հոտ է գալիս: …Կարելի է իշխանություններին ընդունել, պաշտպանել, չպաշտպանել, ընդդիմանալ, ինչպես կուզեք, սակայն պետք չէ իշխանությունների առաջ ծռվել կամասուտրայի բոլոր դիրքերով»:


Tert.am-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, արևելագետ Ռուբեն Մելքոնյանը, ի պատասխան հարցի, թե քա՞նի սկզբնաղբյուրից պետք է օգտվի պատմաբանը՝ պատմությունը չխեղաթյուրելու համար, և արդյոք չպե՞տք է ունենա իր սեփական «կարծիքը» այդ անցքերի վերաբերյալ հայտնելու իրավունք, նշեց, որ միայն մեկ աղբյուրի վրա հիմնված որևէ հետազոտություն չի կարող լինել հավաստի:


«Թեև նշված դասագրքին ծանոթ չեմ, սակայն նշեմ, որ պատմագրության տարրական սկզբունքներն են բազմակարծությունը և որքան հնարավոր է՝ շատ աղբյուրներին տեղ տալը, եթե անգամ անձը ցանկանում է պաշտպանել իր կարծիքը»:


Tert.am-ի հետ զրույցեց նաև Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանի հետ՝ պարզելու, թե ԿԳՆ ինչ-որ կերպ վերահսկու՞մ է բուհական դասագրքերի բովանդակությունը:


Արթուր Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ եթե հանրակրթական դասագրքերը միանշանակ հաստատվում են ԿԳՆ-ի կողմից, ապա բուհականները հնարավոր է՝ հաստատվեն այն հրատարակող կենտրոնի՝ գիտխորհրդի կողմից: