Պակիստանը տոնի ընթացքում առանց բջջային կապի կմնա` այդպես ավելի անվտանգ է
Պակիստանի կառավարությունը երկու օր կանջատի բջջային կապը երկրի հիմնական մասում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես նոյեմբերի 23-ին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիկը, իշխանությունները նման միջոցների են դիմում, որ կանխարգելեն շիա մուսուլմանների դեմ ուղղված հարձակումները կրոնական տոնի ընթացքում:
ՆԳՆ ղեկավարի խոսքով, բջջային հեռախոսների սպասարկումը կդադարեցվի նոյեմբերի 24-ի առավոտյան ժամը 6-ից:
Առաջիկա օրերին Պակիստանում առանց բջջային կապի տեղի կունենան զանգվածային միջոցառումները, Աշուրա տոնը` նվիրված Մուհամեդի թոռ, Իմամ Հուսեյնի հիշատակին:
Պակիստանում գործող սունի խմբավորումները ամեն տարի շիաների տոնակատարությունների ժամանակ զանգվածային արյունահեղություններ են կազմակերպում, որոնց զոհ են գնում հարյուրավոր շիաներ:
Տոնական օրերին անվտանգության խստացված միջոցառումները, որպես կանոն, արդյունք չեն տալիս:










