Սերժ Սարգսյանը հայագետ Կիմ Բակշիին հանձնել է Պատվո շքանշան

14:34 • 24.11.12

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուս անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին, ում նախագահը հայ-ռուսական բարեկամությանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստող երկարամյա արգասաբեր գործունեության համար հանձնել է Պատվո շքանշան։


Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, նախագահը շնորհակալություն է հայտնել գրողին, ով իր վաստակաշատ գործունեության ամբողջ ընթացքում բազմաթիվ ստեղծագործություններ է նվիրել հայ ժողովրդին, նրա պատմությանն ու մշակույթին՝ զգալիորեն նպաստելով հայ մշակույթի հանրահռչակմանը, մեր ժողովրդին աշխարհում արժանվույնս ներկայացնելու և ավելի ճանաչելի դարձնելու գործին:


Հանդիպմանը Կիմ Բակշին Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ հայ ժողովրդի մասին պատմող իր բազմաթիվ գրքերի շարքը շուտով համալրվելու է արդեն հրատարակության տրված նոր գրքով՝ «Արցախի հոգևոր գանձերը» վերնագրով:


Սերժ Սարգսյանը գրողին մաղթել է առողջություն և հաջողություններ՝ հետագա բոլոր նախաձեռնություններում:


Հիշեցնենք, որ Կիմ Բակշին Պատվո շքանշանով պարգևատրվել էր ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: