Սամվել Բալասանյանի՝ այլ կուսակցությանն անդամագրվելը աբսուրդի շարքից է. Զոհրաբ Եգանյան

16:13 • 24.11.12

Գյումրիի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու հնարավորության մասին լուրերը, Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը համարում է աբսուրդ:

«Պարոն Բալասանյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվել է «Բարգավաճ Հայաստանի» կողմից, իսկ մնացած էդ խոսակցությունը, այսօր մամուլում տարածված լուրերը, թե նա կարող է այլ կուսակցության անդամակցի՝ ուղղակի աբսուրդ է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Զոհրաբ Եգանյանը:

Հիշեցնենք, որ նման տեղեկություններ տարածվել էին նաև սեպտեմբերի իննի՝ Գյումրի համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ:

Այս անգամ նման ենթադրությունների տեղիք է տվել այն, որ Սամվել Բալասանյանը չի մասնակցել կոնյակի գործարանում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ԲՀԿ քաղխորհրդի ու մարզային կառույցների ղեկավարների հանդիպմանը:

Չհերքելով, որ Գյումրիի քաղաքապետը չի մասնակցել նշված հանդիպմանը՝ Զոհրաբ Եգանյանը պատճառ բերեց Սամվել Բալասանյանի զբաղվածությունը:

«Աշխատում է աշխատանքային ժամերից դուրս, հանգստյան օրերին ներառյալ, և այդ պատճառով, վերջին շրջանում պարոն Բալասանյանը չի հասցնում մասնակցել ոչ միայն հարազատ կուսակցության աշխատանքներին, այլ նաև ընտանիքի հետ է քիչ ժամանակ անցկացնում»: