Սիրիայում պղծել են եկեղեցին, 20 սրբապատկեր գողացել և փորձել տանել 12-րդ դարի որմնանկար

19:51 • 24.11.12

Սիրիայի Հոմսի թեմի Կարա քաղաքում վանդալիզմի գործողություն է տեղի ունեցել քրիստոնեական սրբավայրի նկատմամբ, հայտնում է «Ուղղափառ հանրագիտարան» կրոնական-գիտական կենտրոնը:



Ըստ այդմ՝ վանդալների «թիրախն» է դարձել Կարայի Սբ Սերգիոսի և Սբ Բաքոսի 6-րդ դարի եկեղեցին:


Չարագործները այնտեղից 18-19-րդ դդ 20 սրբապատկեր ու ձեռագիր են գողացել, պղծել են աթոռը և փորձել իրենց հետ տանել «Կրծքով կերակրող Տիրամայրը» 12-րդ դարի հայտնի որմնանկարը:


Երբ նրանք փորձել են որմնանկարն առանձնացնել հիմնապատից, սակայն արդյունքում փլուզում է տեղի ունեցել:


Այս ամենը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, սակայն լայն շրջանակներին հայտնի է դարձել միայն օրեր անց, երբ չարագործները ապաշխարել են:


Սիրիայի ընդդիմության ձեռքում գտնվող քաղաքի բոլոր դավանաբանական համայնքները իրենց համերաշխությունն են հայտնել հունական եկեղեցուն:


Դրանից հետո հավատացյալների կարծիքով «հրաշք» է տեղի ունեցել. դիմակավոր անձինք բեռնատարով վերադարձրել են գողոնի մեծ մասը և ներողություն են խնդրել: