Al Jazeera. սեպտեմբերից ի վեր սիրիացի փախստականների թիվը կրկնապատկվել է
Սիրիացի փախստականների թիվը ընթացիկ տարվա սեպտեմբերից ի վեր կրկնապատկվել է՝ 213 000-ից հասնելով 442 256-ի, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալները։
«Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսած տարածաշրջանի մյուս երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականների թիվը կրկնապատկվել է, և հարկ է նշել, որ այս տվյալների մեջ չեն մտնում հարյուր հազարավոր սիրիացիներ, ովքեր պաշտոնապես չեն գրանցվել»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության խոսնակ Ադրիան Էդվարդսը՝ Ժնևում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Համաձայն գործակալության տվյալների, ներկայում Լիբանանում բնակվում է 127 420 սիրիացի փախստական, 125 670-ը՝ Հորդանանում, 123 747-ը՝ Թուրքիայում, 55 685՝ Իրաքում և ևս 9 734-ը՝ հյուսիսաֆրիկյան երկրներում։
Իրաքում սեպտեմբերի 1-ից հետո գրանցված սիրիացի փախստականների թիվն ուղիղ 3 անգամ ավելացել է. այստեղ օրական 500-600 սիրիացի է գալիս։ Իսկ Հորդանան անցած 8 օրերի ընթացքում մոտ 4500 սիրիացի է փախչել՝ մեծավմասամբ՝ կանայք ու երեխաներ։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Սիրիայում 19 ամսից ավելի տևող ներքաղաքական ճգնաժամի հետևանքով 40 հազարից ավելի մարդ է զոհվել։










