Մենք ապավինում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի իմաստնությանը. Զոյա Թադևոսյան
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի մեջ մտնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադևոսյանը զրուցել է Tert.am-ի հետ և անդրադարձել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանի՝ նախագահական ընտրությունների հետ կապված լռությանը, ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցությանը, այս իմաստով Կոնգրեսի ներսում տիրող տրամադրություններին և հանրապետականների մեղադրանքներին, թե այսօր «Մարտի մեկի» զոհերի հարազատների մեղադրանքների առնչությամբ ՀԱԿ-ը եթե պետք է պայմանավորվածությունների մեջ մտներ, ապա ինչու՞ զոհվեցին իրենց երեխաները:
-Տիկին Թադևոսյան, մամուլին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե Ձեզ համար ընդունելի՞ է այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը, պատասխանել էիք, որ «Լռություն կա, որ ոսկե խոսք արժե: Հիմա այդ տարբերակն է: Լռությունը տալիս է հնարավորություն ավելի ճիշտ որոշում կայացնել: Կարծում եմ, լռությունից հետո կգա խոսելու ժամանակը, և այդ ժամանակ կբացահայտվեն շատ ու շատ հարցեր»:Այսուհանդերձ, ե՞րբ կգա այդ ժամանակը:
-Ժամկետների մասին չեմ կարող ասել, բայց որ հաստատ դա լինելու է դեկտեմբեր ամսին, գուցե առաջին տասը օրվա ընթացում, հասկանում եմ պարզ հաշվարկներ անելով, որ նախագահական ընտրությունների ամենաեռուն շրջանն է, և «Հայ ազգային կոնգրեսը» պետք է արդեն որոշում ունենա:
-Հայտարարվել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կխոսի հանրահավաքի ժամանակ:
-Անպայման, որովհետև երբ որոշումը կայացվի, կկայացվի քաղխորհրդի նիստում, նիստն էլ կորոշի հանրահավաքի օրը: Եվ պետք է այդ որոշումը ներկայացնել հանրությանը:
-Իսկ քաղխորհրդում ի՞նչ տրամադրություններ կան, որովհետև չի բացառվում միասնական թեկնածուի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի տարբերակը:
-Քաղխորհրդի տրամադրությունները հակասական են, բայց խնդիրը տրամադրությունները չեն, այլ՝ ավազակապետությունից ազատվելու, այս ռեժիմը վերջնականապես տապալելու հարցի կապակցությամբ տրամադրություններն են և իրական պրագմատիկ քայլերը: Եթե պրագմատիկ չեղանք էդ հարցում ու եթե վեր չկանգնեցինք նեղ կուսակցական ամբիցիաներից՝ մեր առջև դրված խնդիրը հաստատ չենք լուծի: Հետևաբար, պետք է այն քաղաքական ուժերը, որ ներկայացված են Կոնգրեսում, այդ գիտակցումով առաջնորդվեն:
-Տիկին Թադևոսյան, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծավալուն վերլուծությամբ, որի հիմնական «մեսիջն» այն էր, որ երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական թիմերի տարանջատումը արհեստական է՝ հորինված «գաղափարական կոմպոնենտերի» տարանջատման հենքի վրա՝ քաղաքական դաշտի լիակատար վերահսկողության վերջնանպատակով: Այսինքն՝ այս ֆոնին հարցականի տակ է դրվում ավազակապետության դեմ պայքարի մասին Ձեր այս հայտարարությունը:
-Թե երկրորդ և երրորդ նախագահներն ինչ դերակատարություն ունեն քաղաքական դաշտում, բոլորս կարող ենք ենթադրել նրանց տեսանելի և անտեսանելի քայլերից, բայց , ամեն դեպքում, մենք ապավինում ենք առաջին նախագահի իմաստնությանը:
- ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը վերջին ԱԺ հայտարարությունների ժամին ասելով, թե ՀԱԿ-ը շահագործում է «Մարտի մեկի» զոհերի հարազատների վիշտը՝ ընթերցեց նաև զոհերից Սամվել Հարությունյանի հոր՝ Ռոբերտ Հարությունյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նա ասում է, որ «եթե այդ մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, եթե այդ մարդիկ պետք է գնան այսօր ինչ-որ բանակցությունների, չգիտեմ ում հետ միանան, ուրեմն՝ անիմաստ մահացան»: Ու որ թե այնտեղ էլ այս առումով դժգոհություն կա:
-Նախևառաջ, Հանրապետական կուսակցությունն ինքն է պատասխանատու «Մարտի մեկի» զոհերի իրավահաջորդներին՝ և՛ բարոյական, և՛ նյութական դաշտում: Եվ ով՝ով, գոնե ՀՀԿ-ն այդ առնչությամբ պետք է լռի, նա երբևէ իրավունք չունի, դա որպես հակափաստարկ կամ վարկաբեկիչ նյութ կիրառելու գործիք դիտարկել: «Հայ ազգային կոնգրեսը» միշտ էլ եղել է «Մարտի մեկի» զոհերի հարազատների հետ և երբևէ մոռացության չի մատնել, չի էլ մատնելու: Իսկ պայմանավորվածություններ եթե կլինեն, ապա դրանք կլինեն բաց ու թափանցիկ ու դրանց արդյունքում՝ ռեժիմը կտապալվի, որից կշահեն բոլորը, այդ թվում՝ «Մարտի մեկի» զոհերի հարազատները:










