Կատալոնիայում խորհրդարանական ընտրությունները անցնում են ընտրողների բարձր ակտիվությամբ
Իսպանիայի ինքնավար մարզում՝ Կատալոնիայում, արտահերթ խորհրդարանական ընտրություններն այսօր անցնում են ընտրողների բարձր ակտիվությամբ։ Տեղի ժամանակով ժամը 14:00-ի (17.00 Երևան) դրությամբ քվեարկել է ընտրողների 29,35%-ը, ինչը 4,5%-ով ավել է 2010թ. նոյեմբերի ընտրությունների ցուցանիշից, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով Կատալոնիայի կառավարության նախագահի տեղակալ Խոանա Օրտեգային:
«Նախնական արդյունքները ցույց են տալիս ընտրողների բարձր մասնակցություն: Սա ամենաբարձր ակտիվությունն է տեղական խորհրդարանի անցած 8 ընտրությունների շարքում», - ասել է Օրտեգան:
Ինչպես սպասվում է, հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն, հաղթանակ տանելու ամենաբարձր հնարավորություններ ունի կատալոնական «Կոնվերգենցիա և միություն» (CiU) ազգայնական կոալիցիան իր առաջնորդի` կատալոնական կառավարության ներկայացուցիչ Արթուր Մասի գլխավորությամբ:
Ընտրատեղամասերը կփակվեն տեղի ժամանակով 20:00-ին (23:00 Երևան), իսկ ընտրությունների առաջին տվյալները ընտրական հանձնաժողովը կհրապարակի դրանից երկու ժամ անց:
Այս անգամ ընտրությունների հանդեպ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է մարզի անկախացման հարցով:
Կատալոնիայի ընտրությունները պակաս հետաքրքրական կլինեին, եթե տեղի կուսակցությունները պայքարեին պարզապես իշխանության գալու համար։ Սակայն այժմ քննարկվում է Իսպանիայի ամենահարուստ և զարգացած մարզերից մեկի անկախացման հարցը։
«Մեր նպատակն ինքնիշխան պետության ստեղծումն է՝ այնպիսին, ինչպիսիք են Դանիան, Ավստրիան, Ֆինլանդիան։ Այդ երկրները նույն չափերն ունեն, ինչ մերը, անգամ՝ ավելի փոքր են, սակայն նրանք Եվրոպական Միության լիիրավ անդամ են»,- ասել է Արթուր Մասը։










