Այսօր կորոշվի Իսպանիայի ամենահարուստ ինքնավար մարզի ճակատագիրը
Իսպանիայի ինքնավար մարզում՝ Կատալոնիայում, այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Նախնական կանխատեսումներով՝ դրանցում կհաղթեն անջատողականները, ովքեր կողմ են Կատալոնիայի անկախացմանն Իսպանիայից։
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, Կատալոնիայի ընտրությունները պակաս հետաքրքրական կլինեին, եթե տեղի կուսակցությունները պայքարեին պարզապես իշխանության գալու համար։ Սակայն այժմ քննարկվում է Իսպանիայի ամենահարուստ և զարգացած մարզերից մեկի անկախացման հարցը։
«Մեր նպատակն ինքնիշխան պետության ստեղծումն է.այնպիսին, ինչպիսիք են Դանիան, Ավստրիան, Ֆինլանդիան։ Այդ երկրները նույն չափերն ունեն, ինչ մերը, անգամ՝ ավելի փոքր են, սակայն նրանք Եվրոպական Միության լիիրավ անդամ են»,- ասել է Կատալոնիայի գործող վարչապետ Արթուր Մասը։
Կատալոնացիների այս որոշման հիմնական պատճառը կարող է լինել փողը. նրանք Իսպանիայի բյուջե են մուծում շատ ավելին, քան հետ են ստանում՝ սուբսիդիաների տեսքով, իսկ Կատալոնիան Իսպանիայի ամենահարուստ մարզն է։










