Պայթեցվել է Եգիպտոսի հետախուզական ծառայության շենքը

14:30 • 25.11.12

Եգիպտոսի հետախուզական ծառայության շենքում, որը գտնվում է Գազայի հետ սահմանին՝ Ռաֆահ քաղաքում, հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա»-ին։

Շենքի մի մասը գետնին է հավասարվել։

Տուժածների մասին չի հաղորդվում։

 

Դեպքի վայրում աշխատում են անվտանգության ծառայության աշխատակիցները։ Տարվում են պայթուցիկ սարքերի հայտնաբերման աշխատանքներ։ Պայթյունի պատճառներն անհայտ են։

 

Եգիպտոսի իշխանությունները վերջին ամիսներին Սինայի թերակղզում պայքար են մղում իսլամիստ գրոհայինների դեմ։ Չի բացառվում, որ իսլամիստներն ակտիվանան վերջին օրերի անկայուն քաղաքական իրավիճակի ֆոնին, հայտնում է «Ալ-Արաբիա»-ն։

 


Ներկայում Եգիպտոսում բողոքի ակցիաներ են անցկացվում նախագահ Մուհամեդ Մուրսիի լիազորությունների ընդլայնման և գլխավոր դատախազի պաշտոնանկության դեմ։


Միևնույն ժամանակ «Մուսուլման եղբայրներ» շարժումը կոչ է անում բնակիչներին դուրս գալ փողոցներ՝ նախագահին աջակցելու համար։