Եգիպտոսի արդարադատության նախարարը ընդդիմության և երկրի նախագահի միջև միջնորդի դեր է ստանձնել
Եգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Մեկկին ստանձնել է երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիի և ընդդիմության միջև ծագած հակամարտության լուծման միջնորդի դերը, հաղորդում է BBC-ն` հղում կատարելով եգիպտական Nile News TV պետական հեռուստաալիքին:
Մեկկին, ով ասել է, թե ինքը կասկածներ ունի Մուրսիի դեկրետի վերաբերյալ, ներկայում հանդիպումներ է անցկացնում Կահիրեի Գերագույն դատարանում:
Երկրում սկիզբ առած ցույցերը, Մուրսիի այն հրամանի դեմ, որն արգելում է դատական կարգով վիճարկել նախագահի ցանկացած որոշում, ներկայում անցնում են Եգիպտոսի մի քանի քաղաքներում։ Զուգահեռաբար ցույցեր են կազմակերպվել նաև երկրի նախագահի աջակցության համար:
Ավելի վաղ հասարակական գործադուլի կոչ էին արել եգիպտական դատավորները:
Իրավապաշտպանները բաց նամակ էին ստորագրել, որում պնդում են, թե նախագահը «մահացու հարված է հասցրել Եգիպտոսի դատական իշխանությանը, նոր դիկտատուրայի սկիզբ հայտարարելով»:










