Կոպեյսկի գաղութի մոտ իրավախախտներին ձերբակալելիս ՌԴ ոստիկանության 8 հատուկ ջոկատային է տուժել
Ռուսաստանի Կոպեյսկ քաղաքի ուղղիչ աշխատանքային գաղութի մոտ վարչական իրավախախտումները կանխող ոստիկանության 8 հատուկ ջոկատային է տուժել, որտեղ դատապարտյալները բողոքի ակցիա են իրականացնում, հաղորդում է РИА Новости գործակալությունը` հղում կատարելով մարզի ՆԳՆ գլխավոր վարչությանը:
Շաբաթ օրը հաղորդվել էր, որ N6 գաղութի մոտ 250 կալանավորներ բողոքի ակցիա են սկսել և ռեժիմի դյուրացման անօրինական պահանջ են ներկայացրել: Մասնավորապես, նրանք պահանջում են մի շարք ազատազրկվածների դուրս հանել տուգանային մեկուսարանից: Ավելի ուշ գաղութի մոտ են հավաքվել դատապարտյալների ազգականները, որոնցից մեծ մասը մի քանի ժամ անց լքել է տարածքը:
Տեղում մնացած որոշ երիտասարդներ, որոնք ալկոհոլի ազդեցության տակ էին, խախտել են հասարակական կարգը և հայհոյախառը արտահայտություններ են բղավել, նշում են ոստիկանությունում:
Հասարակական կարգը խանգարելու համար գաղութի մոտ ոստիկանները 38 մարդու են ձերբակալել:
«Վարչական իրավախախտումները կանխելիս ոստիկանության հատուկ ջոկատի 8 աշխատակից վնասվածքներ է ստացել: ԶԼՄ-ներում տեղադրված այն տվյալները, թե մարզի ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից քաղաքացիներ են ծեծի ենթարկվել, իրականությանը չի համապատասխանում: Տվյալ տեղեկության վերաբերյալ ծառայողական քննություն է տարվում», - ասվում է հայտարարության մեջ:
«Գաղութում գտնվող դատապարտյալները դեռ շարունակում են բողոքի ակցիան: Գաղութ է ժամանել պատժի կրման դաշնային ծառայության (ՊԿԴԾ) ներկայացուցիչներ Մոսկվայից իրավիճակի կարգավորման համար», - գործակալությանը հաղորդել է ՊԿԴԾ մամուլի ծառայության ղեկավարը:










