Հայաստանն ու Լիբանանը վիզաների վերացման մասին համաձայնություն են ձեռք բերել
Հայաստանը և Լիբանանն այսօր համաձայնություն են ձեռք բերել երկու երկրների միջև վիզային ռեժիմը վերացնելու և միմյանց բարձրագույն ուսումնական հաստատությունների վկայականները ճանաչելու մասին, հայտնում է լիբանանյան Daily Star-ը:
ՀՀ և Լիբանանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանն այս մասին համաձայնագիրը ստորագրել են Բաադայի պալատում: Համաձայնագրի ստորագրմանը ներկա են գտնվել մի քանի լիբանանցի նախարարներ և հայկական պատվիրակությունը:
Ըստ աղբյուրի՝ Սարգսյանը Սուլեյմանի հետ քննարկել է նաև արդեն ձեռքբերված համաձայնագրերը, որոնց նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումն է:
Այնուհետև տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է «արդյունավետ քննարկումների» մասին: Նա նշել է նաև, որ այս տարի լրանում է Հայաստան-Լիբանան փոխհարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանի և Լիբանանի միջև 30 համաձայնագիր է ձեռք բերվել:
Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Լիբանանի ժողովրդին և իշխանություններին հայերին ապաստան տալու և հասարակություն ինտեգրելու համար:
Սուլեյմանը, իր հերթին, ասել է, որ ջանքեր է գործադրում տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը երկխոսությամբ նպաստելու ուղղությամբ:
Daily Star-ը նշում է, որ նախագահները քննարկել են նաև Արաբական աշխարհի փոփոխությունները և Գազայի 8-օրյա հակամարտությունը, արաբ-իսրայելական հակամարտության լուծման ուղիները:
Սիրիայի հակամարտության մասին խոսելիս նախագահներ Սարգսյանն ու Սուլեյմանն արձանագրել են, որ 21 ամիս ձգվող հակամարտության միակ լուծումը քաղաքական է՝ հիմնված երկխոսության վրա:
Սպասվում է նաև Սարգսյանի հանդիպումը Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի հետ: Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին ի պատիվ Սարգսյանի ճաշկերույթ կկազմակերպի Այն էլ-Թինեի իր նստավայրում:










