Ահազանգ սփյուռքից. ադրբեջանական հայալեզու հեռուստահաղորդումներում ներկայացվում է «թշվառ Հայաստան» (տեսանյութ)
Tert.am–ի ֆեյսբուքյան էջի միջոցով ստացել ենք մի տեսանյութ, որում ընթերցողը տեղեկացնում է, որ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկը թողարկում է ամենօրյա հայալեզու նորություններ, որում հակահայկական քարոզչություն է իրականացվում և նշվում, որ առանց Ռուսաստանի Հայաստան, գուցե, քարտեզի վրա չլիներ:
Նշված տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև, նվիրված է Հայաստանից արտագաղթի թեմային։
«Չնայած, որ պաշտոնական Հայաստանը Թուրքիային համարում է թշնամի երկիր, հազարավոր հայեր իրենց գոյությունը պահպանելու համար հաց են վաստակում այս երկրում»,- հայախոս առոգանությամբ ասում է հաղորդավարուհին:
Դրան զուգահեռ, տեսաշարով ներկայացվում են կադրեր՝ հայաստանյան եկեղեցիներից և էջմիածնից:
Արդեն Հանրապետության հրապարակի և կառավարության շենքի պատկերներով ուղեկցվող տեսաշարում հաղորդավարուհին ասում է.«Հայաստանը կարող էր չկայացած երկրի հիանալի օրինակ ծառայել, ինչպես օրինակ՝ Ղրղըզստանը և Մոլդովան, եթե չլիներ Ռուսաստանը»։
Մեկ այլ ռեպորտաժում մի տղամարդ էլ մաքուր հայերենով ասում է, որ 80-ականների վերջերին Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից զանգվածային բնույթ է կրել ադրբեջանցի բնակչության վտարումը:
Մեր ընթերցողը տեղեկացնում է, որ ամբողջ զավեշտը, սակայն, այն է, որ այս տեսանյութից ստացվում է, որ ադրբեջանցիները կամ նրանց համար աշխատող անձինք ոչ միայն ելումուտ ունեն Հայաստան, այլև կարողանում են նյութեր հավաքել իրենց հեռուստառեպորտաժների համար:
Օրինակ՝ այդ թողարկումներից մեկում ցուցադրվել է ցելոֆանի մեջ մի կտոր հաց փաթաթած մի ծերունի, որը դժգոհել է իշխանություններից ու իր սոցիալական վիճակից:
Tert.am-ը փորձեց այս մասին մեկնաբանություններ ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը խուսափեց այս մասին մեկնաբանություններից:










