Երևան-Մասիս երթուղու ուղևորներին ամեն օր «դիմավորում և ճանապարհում» են կենդանի «հաշվիչները» (տեսանյութ)

10:21 • 26.11.12

Երևան-Մասիս-Երևան երթուղու ուղևորներին ամեն օր «դիմավորում և ճանապարհում» են երկու մարդ, ովքեր պարտադիր հաշվում են Մասիսից Երևան գնացող և վերադարձող բոլոր ավտոբուսների ուղևորներին: 


Ամեն օր այս «հաշվիչների» ներկայությունը Մասիսի բնակիչների կյանք է մտել այս ամռանը, ճիշտ այն ժամանակ, երբ երթուղայիններին փոխարինելու եկան ավտոբուսները:


Նման երևույթ Մասիսի բնակիչներն առաջին անգամ են տեսնում և անկեղծորեն խոստովանում են՝ ապշած են, զարմացած և վիրավորված:


«Վիրավորական է այնքանով, որ մարդկանց կարծես ոչխարի տեղ դրած լինեն: Ամեն անգամ բարձրանում են ու հաշվում, թե քանի հոգի են ավտոբուսում, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մարդիկ ամեն օր քնում և արթնանում են միայն այս ժողովրդին վնասելու ու նվաստացնելու համար»,- Tert.am-ին ասաց ուսանողուհի Գայանեն, ով սովորում է Երևանում:

 

Նշենք, որ Երևան-Մասիս-Երևան երթուղին շահագործում է «Լիգա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։


Մի քանի անգամ հաշվողներից բացատրություն պահանջելուց հետո պարզ դարձավ, որ այդ ամենը կատարում է իրենց վերադասի պարտադիր պահանջով, և քանի որ ավտոբուսների վարորդներն արդեն վճարվում են սահմանված աշխատավարձով, այլ ոչ նախկինի պես օրավարձով, ուստի ամեն անգամ գրանցում են ուղևորների թիվը, որպեսզի վարորդներն ավել գումար չվաստակեն: Վարորդներն էլ իրենց հերթին հաճախ իրենց բողոքներով կիսվում են ուղևորների հետ, բայց երբեք չեն բարձրաձայնում այդ բողոքը:

 

Նոր ավտոբուսները նախկին երթուղայիններից տարբերվում են միայն կանգնած ուղևորների թվով: Այսինքն՝ նստատեղերի թիվը չի փոխվել: