Արաֆաթի արտաշիրիմումն իրականացնող մասնագետներին մեկուսացրել են ԶԼՄ-ներից
Ռուսական դատաբժշկական փորձագետները, որոնք Հորդանան գետի Արևմտյան ափ են ժամանել պաղեստինյան առաջնորդ Յասիր Արաֆաթի աճյունի արտաշիրիմմանը մասնակցելու համար, իրենց ֆրանսիական և շվեյցարական գործընկերների օրինակով, աշխատում են մամուլից առանձնացած, որը տեղական իշխանությունների պահանջն է, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրին:
Նրա խոսքով, երեք ռուսների, որոնք նախօրեին ժամանել են Ռամալլահ, մշտապես ուղեկցում է պաղեստինյան ներկայացուցիչը, ով կանխում է ԶԼՄ-ների հետ շփումը:
«Պաղեստինյան կողմը ծայրահեղ զգայուն է վերաբերվում մասնագետներին մոտենալու մամուլի ցանկացած փորձի, ինչպես ռուսական, այնպես էլ այլ երկրների»,- ասել է նա:
Արաֆաթի աճյունի արտաշիրիմումը և հետազոտության համար նմուշներ վերցնելը նախատեսված է երկուշաբթի: Փորձագետների հետագա աշխատանքի կարգը և ավարտի ժամկետները պաղեստինյան իշխանությունները չեն հաղորդում:
Ռուսական և շվեյցարական դատաբժշկական փորձագետներն աշխատում են պաղեստինյան իշխանությունների հրավերով, իսկ ֆրանսիականները` դատական գործի շրջանակներում, որը հարուցվել է Արաֆաթի այրու` Սուխի Արաֆաթի նախաձեռնությամբ:
Երբ հետազոտության նմուշները վերցվեն, Արաֆաթի մարմինը նորից կհուղարկավորվի զինվորական պատիվներով «Մուկատա» ռեզիդենցիայի դամբարանում:
Դամբարանի տարածքը և դրա շրջակայքը արդեն շրջափակված է պաղեստինյան իրավապահների կողմից:










