Հայկական ձեռագիր և տպագիր գրքերի ցուցահանդես Լոնդոնում

11:55 • 26.11.12

Նոյեմբերի 22-ին Լոնդոնի հայտնի Բրիտանական գրադարանում և վերջինիս համագործակցությամբ ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր այդ գրադարանում պահվող հայկական ձեռագիր ու տպագիր գրքերի ցուցահանդես՝ նվիրված Հայ տպագրության 500-ամյակին, հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին և Երևանի` որպես գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմանը:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հայկական ձեռագիր և տպագիր գրքերի հիանալի նմուշները ներկայացված են Բրիտանական գրադարանի «Գանձատուն» կոչվող սրահում:


Միջոցառման հանդիսավոր բացմանը մասնակցելու համար Լոնդոն էր մեկնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Արարողությանը ներկա են եղել նաև ՄԹ խորհրդարանի պատգամավորներ, ԱԳՆ և Լոնդոնի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի ու հայ ուսանողության ներկայացուցիչներ:


Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բրիտանական թանգարանի գիտական և հավաքածուների հարցերով տնօրեն Քերոլայն Բրազիերը: Այնուհետև ելույթ է ունեցել ՄԹ Համայնքների պալատի անդամ, ՄԹ խորհրդարանի մշակույթի, գիտության, կրթության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ, Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը:


Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդես է եկել երախտագիտության խոսքով և միջոցառման մասնակիցներին հակիրճ ներկայացրել հայ գրքի և հայկական տպագրության պատմությունը: Հատուկ շնորհակալություն է հայտնվել «Ուիգմոր մեդիքըլ» ընկերության ղեկավար Բեդո Եղիայանին, որի հովանավորությամբ էլ հնարավոր է եղել իրականացնել այս միջոցառումը:


Ցուցահանդեսը տևելու է մինչև 2013թ. հունվարի 31-ը:

Հայկական ձեռագիր և տպագիր գրքերի ցուցահանդես Լոնդոնում