Մեդվեդևը չի բացառել Կրեմլ վերադարձը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրումը, «եթե ստանա Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունը», հայտնում է Взгляд-ը։
«Եթե ես ունենամ բավական ուժ և առողջություն, և եթե մարդիկ վստահեն ինձ նման աշխատանք, ես չեմ բացառում դեպքերի նման զարգացումը»,- Փարիզ այցից առաջ «Ֆրանս պրես» գործակալությանը և Figaro թերթին տված հարցազրույցում ասել է նա։
Կառավարության ղեկավարի կարծիքով՝ երբեք պետք չէ ինչ-որ բանից հրաժարվել. «երբեք մի ասա երբեք»։
«Նամանավանդ, որ ես այս գետը մեկ անգամ չէ, որ մտել եմ, և սա այն գետն է, որը կարելի է երկրորդ անգամ մտնել»,- ասել է Մեդվեդևը։
Նա նաև ասել է, որ «բացարձակ հարմարավետ» է իրեն զգում Կառավարության տանը։ «Կրեմլը գեղեցիկ վայր է, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա սիրտն է մեր երկրի, սակայն ես ինձ հարմարավետ եմ զգում նաև այստեղ (կառավարությունում-Tert.am)»,- ասել է նա։










