Բողոքի երթով նախագահի նստավայրի մոտ հավաքված նաիրիտցիների պահանջը բավարարվեց, բայց մասամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Բողոքի երթով այսօր նախագահի նստավայրի մոտ հավաքված նաիրիտցիների պահանջը մասամբ բավարարվեց, ինչը գործարանի աշխատակիցները որակեցին որպես գլխների տակ փափուկ բարձ դնելու հերթական փորձ:
ՀՀ նախագահի աշխատակազմի՝ նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը գործարանի աշխատակիցներին երաշխավորեց, որ 11 ամսվա աշխատավարձից նրանց կփոխանցեն երեք ամսվանը, որի մի մասը կստանան այս շաբաթվա ընթացքում, իսկ մյուս մասը՝ հաջորդ շաբաթվա ընթացքում:
Հավաքվածներին չգոհացրեց որոշումը, քանի որ նրանք պահանջում էին գոնե 6 ամսվա աշխատավարձ ստանալ: Շարքային բանվորների խոսքով՝ երեք ամսվա աշխատավարձը կբավականացնի բարձր աշխատավարձ ստացողներին, իսկ քանի որ հավաքվածների հիմնական մասը ստանում է 60-70 000 դրամ՝ չի բավականացնի: Նրանք առաջարկում են, որպեսզի տրվող ամբողջ գումարը հավասար բաժանեն: «Եթե բյուջեն, օրինակ՝ 4 մլն է, թող բաժանեն բոլոր աշխատակիցների մեջ հավասար»,- առաջարկեց նրանցից մեկը:
«Էլի փափուկ բարձը գլխներիդ տակ դրեցին ճանապարհեցին ու ասեցին հունվարին կտանք: Հունվարը էս տարի չի, հունվարը եկող տարի ա»,- բանակցություններին մասնակցած Մարատ Գրիգորյանին ասաց աշխատակիցներից մեկը: Մարատ Գրիգորյանը պատասխանեց, որ ինքն էլ հավաքվածների նման բանվոր է. «Լավ էլի Սաքո, դե խոստացան: Էն մարդն ասեց, որ չենք կարա ձեզ խոստանանք ու չանենք»,- բացատրեց նա: «Քանի անգամ է խոստացել ու չի արել»,-արձագանքեց հավաքվածներից մեկ այլ աշխատակից:
Ինչ վերաբերում էր մյուս պահանջին, թե, ի վերջո, աշխատելո՞ւ են, թե շարունակելու են մնալ հարկադիր պարապուրդում, պատասխանեցին, որ դեկտեմբերի 15-ից արդեն հստակ կլինի, քանի որ աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի գործարանը վերագործարկվի:
Լուսանկարները՝ PanArmenian Photo-ի










