Նաիրիտցիները բողոքի երթով գնում են նախագահական՝ պահանջելու 11 ամսվա աշխատավարձը (տեսանյութեր)

10:48 • 26.11.12

«Նաիրիտ» գործարանի 1000-1500 աշխատակիցներ այս պահին երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր՝ պահանջելով, որ վերջինիս միջամտությամբ լուծում տրվի իրենց աշխատավարձային խնդիրներին: 


Նաիրիտցիներն այսօր առավոտյան երթով շարժվել են հենց գործարանից:


Բողոքի երթը լուսաբանող Tert. am-ի թղթակցին նաիրիտցիները հայտնել են, որ պահանջում են իրենց 11 ամսվա աշխատավարձը:


Ըստ այդմ՝ գործարանի ընդհանուր 3000 աշխատակիցներ երկու-երեք ամիս պարբերականությամբ ստացել են մեկ ամսվա աշխատավարձ։


Նշենք, որ ողջ գործարանից այս պահին գործում է ազոտ՝ բարձր մաքրության և թթվածին՝ գազակերպ արտադրող 1/6 արտադրամասը՝ շուրջ 70 աշխատողներով, իսկ աշխատողների մյուս մասը երրորդ տարին է՝ գտնվում է հարկադիր պարապուրդում։


Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանում կարծես ավանդույթ է դառնում բողոքի ցույցի սպառնալիքով աշխատավարձ պահանջելը. 2011 թվականի փետրվար և ապրիլ ամիսներին ևս քանի ամիս շարունակ աշխատավարձ չստացած գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ էին կազմակերպում նախագահական նստավայրի մոտ, և Սերժ Սարգսյանի հանձնարարականով «Նաիրիտի» ղեկավարությունը կարողացավ գումար հայթայթել, և վճարել աշխատողներին նախորդ տարիների պարտքերը:

 

Tert. am-ը փորձեց կապվել գործարանի մամուլի քարտուղարի հետ՝ պարզելու, թե այս անգամ որքան գումար կազմող պարտքի մասին է խոսքը, սակայն մամուլի ծառայությունից չպատասխանեցին: