Նյու Յորքում շքերթի ժամանակ որպես գունավոր թղթիկներ են օգտագործվել ոստիկանության գաղտնի փաստաթղթերը
Նյու Յորքում Գոհաբանության տոնին նվիրված շքերթի ժամանակ որպես գունավոր թղթիկներ են օգտագործվել ամերիկյան ոստիկանությանը պատկանող գաղտնի փաստաթղթերը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հանդիսատեսի գլխին թափված թղթի կտորների վրա նշված են եղել, մասնավորապես, Նյու Յորք նահանգի շրջաններից մեկի իրավապահ մարմինների աշխատակիցների սոցիալական ապահովագրության համարները, ինչպես նաև բանկային տեղեկություններ։
Տարօրինակ թղթերը նկատել է Իթան Ֆինկելսթեյն անունով մի ուսանող։ «Նման թղթերից մեկն ընկել էր իմ ընկերոջ բաճկոնի վրա։ Նրա վրա նշված էր ինչ-որ մեկի սոցիալական ապահովագրության համարը։ Հետո մենք հայտնաբերեցինք հեռախոսահամարներով, հասցեներով, մեքենաների համարներով թղթեր»,- պատմել է երիտասարդը։
Ըստ ԶԼՄ-ների՝ փաստաթղթերը կտրված են եղել հորիզոնական կերպով, այլ ոչ ուղղահայաց, ինչի շնորհիվ տեքստերը բավական ընթեռնելի են եղել։
Որոշ թղթերի վրա նշված են եղել խուզարկուների անուններն ու ծննդյան ամսաթվերը, որոնցից շատերն աշխատում են գաղտնի կերպով։
Շրջանային ոստիկանության ներկայացուցիչը լուրջ անհանգստություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և հայտնել, որ հետաքննությունն է սկսվել։










