Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Լիբանան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան պաշտոնական այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն։
Ըստ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության՝ Սերժ Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ ԼՀ նախագահ Միշել Սուլեյմանի, Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի, ընդլայնված հանդիպում՝ երկրի խորհրդարանականների, վարչապետ Նաջիբ Միկաթիի և լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում նախագահը կայցելի Անթիլիաս, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
ՀՀ նախագահը կայցելի նաև Հայկազյան համալսարան, որտեղ կհանդիպի Լիբանանի չորս առաջատար համալսարանների պրոֆեսորադասախոսական անձնակազմի, միջազգայնագետ ուսանողների հետ:
Լիբանանում Սերժ Սարգսյանը հագեցած այցի շրջանակներում հանդիպում կունենա նաև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների նախագահ, վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ, կայցելի Զմմառ, հանդիպում կունենա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս, պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի հետ, կմասնակցի «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակի առիթով մշակութային կենտրոնի և Մատենադարանի նորոգված հարկաբաժնի բացմանը, այնուհետ կայցելի ձեռագրերի և հնատիպ գրքերի ցուցահանդես:
ՀՀ նախագահի պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև տարբեր ոլորտներում Հայաստանի և Լիբանանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն
Նախագահի այցը Լիբանան կավարտվի նոյեմբերի 28-ին։










