ՌԴ–ից վտարված ներգաղթյալներին ազատազրկում է սպառնում, եթե կրկին մտնեն երկրի տարածք
Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում ներգաղթյալների կողմից, ում նախկինում վտարել են ՌԴ-ից, կրկին անգամ Ռուսաստանի պետական սահմանը գիտակցաբար և ապօրինաբար հատելու համար, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով խորհրդարանի կայքին:
Օրենսդրական նախագիծը 4 տարի ազատազրկում է սահմանում օտարերկրյա քաղաքացիների կողմից սահմանը հատելու համար, եթե նրանց մուտքը ՌԴ արդեն արգելված է, եթե նրանք վարչական վտարման, արտաքսման կամ հետուղարկման են ենթարկվել, եթե նրանց Ռուսաստան մուտք գործելու իրավունքը սահմանափակված է:
Նաև առաջարկվում է 5-6 տարի ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման համար:
Նշվում է, որ Ռուսաստանի իրավապահները տեղեկություններ ունեն այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՌԴ-ից արտաքսվել են, հաճախ նոր անձնագրեր են ստանում այլ ազգանուններով և կրկին ժամանում Ռուսաստան, գիտենալով, որ խախտում են ՌԴ օրենքները:
ՌԴ դաշնային անվտանգության ծառայության կողմից 2009-2011թթ. բացահայտվել է 591 օտարերկրյա քաղաքացի, որոնք ՌԴ-ից վարչական վտարման են ենթարկվել, սակայն Ռուսաստան են մտել այլ անուններով:










