Ավստրալիայում ստեղծվել է համայնքային նոր կառույց
Նոյեմբերի 21-ին Սիդնեյում կայացել է հայ համայնքային կառույցների ժողով՝ Հայաստանյայց Հայ Առաքելական Եկեղեցու, Հայ Կաթողիկե Եկեղեցու, Հայ Ավետարանչական Եկեղեցու, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության, Ռամկավար Ազատական կուսակցության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, Հայ Օգնության Միության, ինչպես նաև, Ավստրալիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Էդիկ Դարբինյանի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ժողովի որոշմամբ ստեղծվել է Սիդնեյի «Սփյուռք-Հայրենիք համագաղութային մարմին» կազմակերպությունը, որի նպատակն է համախմբել Ավստրալիայի հայ համայնքը և համայնքում գործող հեղինակավոր կազմակերպությունները, զորացնել Սփյուռք – Հայրենիք կապը, սատարել Ավստրալիայում հայ ազգային ինքնության պահպանմանը, պաշտպանել ավստրալահայերի շահերն ու իրավունքները պետական մարմիններում, ինչպես նաև, միասնաբար լուծել համայնքային խնդիրները և գործակցել հայրենի պետության հետ:










