Ադրբեջանն ու մյուս մուսուլման երկրները ոտնատակ տվեցին ICAPP-ի կանոնադրությունը. Ստյոպա Սաֆարյան

19:20 • 26.11.12

Բաքվում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տեղի ունեցածի մասին «Ժառանգությունն» իր վերաբերմունքը կհասցնի Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսին (ICAPP)` միջազգային քարտուղարությանը, այս մասին Tert.am-ին հայտնեց «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ այլանդակություն էր, քանի որ Ադրբեջանն ու մյուս մուսուլման երկրները ոտնատակ տվեցին Ասիական քաղաքական կուսակցությունների կանոնադրությունը:


Եվ բացի այդ, ՐաՖֆի Հովհաննիսյանի ներկայությունը ցույց տվեց այդ երկրի վիճակը, մտադրությունները և ստեղծված անառողջ մթնոլորտը, որի մասին «Ժառանգությունը» դեռ այն ժամանակ հայտարարում էր՝ ասելով, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որտեղ հնարավոր է նման կոնֆերանս անցկացնել»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-24-ը Բաքվում անցկացված Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցող Րաֆֆի Հովհաննիսյանին լրացուցիչ ելույթ չտրամադրվեց, իսկ ադրբեջանցիները նրան ամբիոնի մոտից «հրավիրեցին», երբ «Ժառանգության» առաջնորդն իր ելույթում կոչ է արել Ադրբեջանին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և փորձել էր խոչընդոտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ողջունող հռչակագրի ընդունումը:


Ի պատասխան հարցի, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը սրանից հետո Բաքվում իր անվտանգության հետ կապված խնդիրներ չի՞ ունեցել, Ստյոպա Սաֆարյանը բացասական պատասխան տվեց, սակայն ասաց.«Թեև նման գռեհիկ պահվածքին ու ոհմակով հանդես գալուն, Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝«Ժառանգությունը» իր անելիքն արեց: Եվ ես կարծում եմ՝ պետք է ասել այդ ասելիքը ոչ թե Երևանից, այլ Բաքվում»: