Ուրիխանյանը նախապես զգուշացնում է «որոշ շահագրգիռ կասկածելի պատգամավորների կամ պատգամավորուհիների»
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանը, ելնելով «դառը փորձից», նախապես զգուշացնում է, որ նոյեմբերի 28-ին տեղի ունենալիք ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում ներառված է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, չի կարող մասնակցել:
Այս մասին տեղեկացնում է պատգամավորը՝ մասնավորապես տարածած հայտարարությունով հայտնելով հետևյալը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ բացակայությունը այդ նիստին կարող է դառնալ որոշ շահագրգիռ կասկածելի պատգամավորների կամ պատգամավորուհիների համար շահարկման առիթ՝ տեղեկացնում եմ ԶԼՄ-ներին ու հանրությանը, որ նույն օրը Բրյուսելում կայանալու է Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: Իսկ այնտեղ ես խնդիր ունեմ ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր բարձրացնելու և Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանն ուղղված աշխատանքներ կատարելու: Որևէ այլ պատճառով սպասվող գործուղում կարող էի հետաձգել, բայց ոչ այս հարցերի շուրջ: Իսկ շահարկումներ թույլ չտալու համար ներկայացնում եմ դիրքորոշումս՝ անշուշտ օրակարգի վերը նշված հարցը կքննարկվեր, կհայտնեի իմ կարծիքը, որոշ հարցերի վերաբերյալ դրական, որոշ հարցերի առնչությամբ կակնկալեի լրացուցիչ բացատրություն, բայց քվեարկելու էի կողմ: Կրկնում եմ, որպես ԲՀԿ միակ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմում հայտնում եմ իմ դիրքորոշումը՝ ես կողմ եմ այդ հարցն ԱԺ նիստի օրակարգ մտցնելուն: Ցավոք, մասնակցել հանձնաժողովի աշխատանքին այդ օրը չեմ կարողանա վերը բերված պարզ հիմնավորմամբ»:










