ԱՄՆ-ում սուպերմարկետներից մեկի աշխատակիցները սպանել են գողություն կատարած այցելուին

15:31 • 26.11.12

ԱՄՆ-ում Walmart սուպերմարկետի աշխատակիցները պատահմամբ սպանել են այցելուին, ով փորձել է մի քանի իր գողանալ զեղչերի ժամանակ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Atlantic Wire-ին։

 

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին, Ջորջիա նահանգի Լիթոնիա քաղաքում։ Տղամարդը փորձել է գողանալ երկու DVD-խաղարկիչ, սակայն ելքի մոտ կանգնեցվել է սուպերմարկետի աշխատակիցների կողմից։ Տղամարդը փախել է դեպի ավտոկայանատեղի, սակայն նրան բռնել են։

Տեղի է ունեցել բախում, ինչի ընթացքում, ենթադրվում է, անվտանգության աշխատակիցն այնքան ուժգին է սեղմել տղամարդու պարանոցը, որ նա շնչահեղձ է եղել։


Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեսել են խանութի 3 աշխատակիցների, ովքեր տղամարդուն սեղմել են գետնին։ Վերջինս արդեն եղել է անգիտակից վիճակում, վնասված են եղել նրա քիթն ու շուրթերը։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

 

«Ոչ մի ապրանք մարդկային կյանք չարժե»,- հայտարարել է Walmart առևտրային ցանցի ներկայացուցիչը՝ նշելով, որ միջադեպը հետաքննվում է, իսկ սուպերմարկետի ղեկավարությունն ակտիվորեն համագործակցում է ոստիկանության հետ։


Անվտանգության աշխատակիցն ազատվել է աշխատանքից, իսկ մյուս երկու աշխատակիցների աշխատանքը կասեցվել է՝ մինչ հետաքննության ավարտը։