2013-ի ընտրարշավի մեկնարկից 2 ամիս առաջ քաղաքական դաշտում անորոշություն է. Երևանի մամուլի ակումբ
Ի տարբերություն նախագահական նախորդ ընտրություններին, այս անգամ ընտրարշավի մեկնարկից երկու ամիս առաջ քաղաքական դաշտում անորոշություն է: Նման եզրակացության է եկել Երևանի մամուլի ակումբը ՀՀ 2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին համազգային 6 հեռուստաալիք և երկու ռադիոալիք մշտադիտարկելուց հետո:
Մշտադիտարկումը իրականացվում է հետևյալ հեռուստաալիքներում՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն, «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Արմնյուզ», «Շանթ», ինչպես նաև Հայաստանի Հանրային ռադիոն և «Արմռադիո FM 107» ռադիոալիքը:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ այս շրջանում հետազոտություն անցկացված ալիքներում հիմնականում խոսվում է հինգ թեկնածուների մասին, սակայն նրանցից միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրումն է ակնհայտ:
«Սերժ Սարգսյանն անձամբ դեռևս դրա մասին չի հայտարարել, բայց դրա մասին մշտապես հայտարարում են նրա կուսակցական ընկերները: Բոլորի համար նա պոտենցիալ թեկնածու է»,– ասաց նա:
«Որպես նախագահական թեկնածու, ում մասին շատ է խոսվում, Րաֆֆի Հովհաննիսյանն է, որը 2-րդ տեղում է: Դա կապված է նրա հետ, որ նա հայտարարել է իր առաջադրման մասին»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նրանց հաջորդում են Լևոն Տեր–Պետրոսյանը, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյան և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով վերջին հնարավոր թեկնածուին՝ Բորիս Նավասարդյանը նշեց, որ նա միակն է, որին մշտադիտարկման ենթարկված ալիքները չեն աջակցում:
«Ավելին գրանցել ենք 9 լրագրողական նյութ, որտեղ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք է նկատվել»,- ասաց նա:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ նոյեմբերից Վարդան Օսկանյանի մասին հիշատակումները քիչ են, քանի որ նվազել են հրապարակումները նրա դեմ հարուցված քրեական գործի մասին:
«Հոկտեմբերին խոսվում էր, որ պոտենցիալ նախագահի թեկնածուի դեմ գործ է հարուցվել, բայց այսօր դա չկա: Փոխարենն այսօր բոլորը խոսում են Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին»,-ասաց նա:
Հետազոտությանը աջակցում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:
Մշտադիտարկումն իրականացվում է երկու փուլով: Առաջինն անցկացվում է սույն թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը, իսկ երկրորդ փուլն ընդգրկելու է պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը:










