Ուկրաինուհուն բռնաբարած և ողջակիզած հայ երիտասարդը ազատազրկվել է

21:10 • 27.11.12

Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի շրջանային կենտրոնական դատարանը վճիռ է կայացրել՝ Օքսանա Մակարի բռնաբարության և սպանության գործով, հայտնում է Interfax-ը:

 

Մեղադրյալներից 23-ամյա Եվգենի Կրասնոշչեկը դատապարտվել է ցմահ, 23-ամյա Մաքսիմ Պրիսյաժնյուկը՝ 15, իսկ 21-ամյա Արտյոմ Պողոսյանը՝ 14 տարվա ազատազրկման:

Այս տարվա մարտին նշված 3 անձինք մեղադրվել էին 18-ամյա Օքսանա Մակարին բռնաբարելու և սադիստաբար սպանելու համար:

 

Ընկերները աղջկա հետ ծանոթացել են սրճարանում, ապա հրավիրել իրենց տուն` խնջույքի, որտեղ և աղջիկը բռնաբարվել է: Այնուհետև երիտասարդները էլեկտրական լարով փորձել են սպանել իրենց հյուրին: Մեկ ժամ սպասելուց և համոզվելուց հետո, որ Օքսանան իսկապես մեռած է, տղաները նրան տարել են շինհրապարակ, որտեղ փաթաթել են սավանով, վրան բենզին լցրել ու վառել:

 

Հաջորդ օրը ոստիկանները հայտնաբերել են դեռ գիտակցության մեջ գտնվող աղջկան, որի ճիչերը գրավել էին թաղամասի բնակիչների ուշադրությունը: Հենց նա էլ, դեռ ի վիճակի լինելով խոսել, ոստիկաններին հայտնել է կասկածյալների անունները: Անդամահատումներից ու տարբեր օրգանների կենսագործունեության դադարից հետո Օքսանա Մակարը մահացել էր:

 

Այս գործը մեծ վրդովմունք էր առաջացրել Նիկոլաևի բնակիչների շրջանում, ովքեր դուրս էին եկել փողոց և շրջապատել Արտյոմի խորթ հոր տունը, որը դատախազ է: Նրանք պահանջել էին մահապատժի ենթարկել սադիստներին:

 

Գործին միջամտել էր անգամ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` հրահանգելով, այնուամենայնիվ, ձերբակալել որոշ ժամանակ անց բաց թողնված կասկածյալներին: