200 կգ քաշ ունեցող ամերիկուհին մահացել է՝ ավիաընկերությունների պատճառով

17:41 • 27.11.12

Ավելորդ քաշից տառապող 56-ամյա ամերիկուհի Ուլմա Սոլթեզը չի կարողացել ժամանակին Հունգարիայից ԱՄՆ վերադառնալ բուժումը շարունակելու համար և մահացել է առաջացած բարդություններից, հայտնում է Russia Today-ը։ 

 

Հունգարիայի իրենց ամառանոցում նա մեկ ամիս հանգստացել է ամուսնու հետ։ Կինը տառապում էր երիկամների հիվանդությամբ և շաքարային դիաբետով և պետք է տանը շարունակեր իր բուժումը։ Նա տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով՝ ոտքի անդամահատումից հետո,  ուներ ավելորդ քաշ և հանգստի ընթացքում առողջական վատ վիճակի պատճառով ավելի էր գիրացել։ Արդյունքում՝ նա կշռում էր 193 կգ։

 

Մի քանի ավիափոխադրողներ տարբեր պատճառներով հրաժարվել են կնոջը տեղափոխել ԱՄՆ, ինչի պատճառով զույգը վերադարձել է իրենց ամառանոցը և սպասել տուրիստական ընկերությանը, որը պետք է լուծեր այդ խնդիրը։ Սակայն կնոջ վիճակը կտրուկ վատացել է։ Նա չի դիմել բժիշկներին, քանի որ տեղի բժիշկները ծանոթ չէին նրա հիվանդությանը։ Շուտով կինը մահացել է և հուղարկավորվել Հունգարիայում։


Այժմ նրա ամուսինը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ավիաընկերությունների դեմ՝ հաշմանդամների իրավունքները ոտնահարելու համար։