«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը դեռ չսկսված հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից Արման Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարան չէր ներկայացել։
Այսօր առավոտյան դատարանը Միհրան Պողոսյանից ծանուցում էր ստացել այն մասին, որ ինքը դատական ծանրաբեռնվածություն ունի, ինչի մասին նախապես հայտնել էր ու խնդրել հետաձգել դատական նիստը:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հետաձգեց դատական նիստը, բայց միաժամանակ պաշտպանի բացակայությունը անհարգելի համարեց: Դատավորը նաև նշեց, որ եթե Միհրան Պողոսյանը ևս մեկ անգամ անհարգելի բացակայի, ապա կքննարկվի նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին:
Այսօր ամբաստանյալները պետք է հարցեր ուղղեին տուժող Գարիկ Սողոմոնյանին:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատողների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել 3 ռազմական բժիշկներ:
Նրանցից մեկը` Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, գիտակցության չգալով հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Գարիկ Մարգարյանի,Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի և Նորայր Հայրապետյանի նկատմամբ:










