«Սիրիայի բարեկամների» հերթական հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը՝ Ճապոնիայում

21:25 • 27.11.12

«Սիրիայի բարեկամների» հերթական կոնֆերանսը կկայանա Ճապոնիայում՝ ուրբաթ օրը, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով ճապոնական ԱԳՆ-ի հայտարարությանը:


Ինչպես սպասվում է, հանդիպման մասնակիցները կքննարկեն Դամասկոսի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունները: Մինչ այդ «Սիրիայի բարեկամների» 4 նմանատիպ հանդիպումներ են կայացել Փարիզում, Վաշինգտոնում, Դախայում և Հաագայում:


Ավելի վաղ կոնֆերանսի կայացումը հարցականի տակ էր դրվել այն բանից հետո, երբ Սիրիայի իշխանությունները հույս էին հայտնել, որ Տոկիոն կվերանայի դրա անցկացման որոշումը:

 

«Սիրիան խորին ափսոսանքով է ընկալել ճապոնական կառավարության որոշումը կոնֆերանսի անցկացման մասին, որի կազմակերպիչները փորձում են խստացնել Դամասկոսի դեմ ներմուծված պատժամիջոցները: Մենք հույս ունենք, որ Ճապոնիան կվերանայի այդ որոշումը»,- հայտարարել է սիրիական ԱԳՆ-ի աղբյուրը, որի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Աղբյուրը նշել է, որ հանդիպմանը հրավիրված կողմերը «Սիրիայի և իր ժողովրդի բարեկամներ չեն հանդիսանում, առավել, նրանք հանցավոր համաձայնության են եկել՝ խախտել տարածքային ամբողջականությունն ու տրոհել ժողովրդի միասնությունը»: