Երևանյան լճի աղտոտվածության պատճառը ափերին կուտակված աղբն է. քաղաքապետարան

18:12 • 27.11.12

Երևանյան ջրամբարը (Երևանյան լիճ) 2012թ. հունիս ամսից գրեթե դատարկ է։ Նոյեմբերի 12-15-ը ջրամբարն ամբողջովին լցվել է` ջրի մակարդակի բարձրացման հետ միաժամանակ հավաքելով ափերին կուտակված աղբը։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` պատասխանելով այն հարցին, թե ինչու է լճի վրա արդեն տևական ժամանակ պլաստիկ շշերից կուտակված աղբ լողում:


«Ս.թ. նոյեմբերի 3-ին Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից կազմակերպվել է ջրամբարի պատվարի հարակից ափերի հատվածի մաքրում, հավաքվել և տեղափոխվել է ութ բեռնատար աբտոմեքենա աղբ։ Լողացող աղբը ժամանակի ընթացքում հավաքվում է ջրամբարի պատվարի մոտ, որտեղից էլ հնարավոր է լինում հեռացնել այն»,-Tert.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։


Քաղաքապետարանից տեղեկացրին նաև, որ Հրազդան գետի հունի վրա ստեղծվել է աղբահավաք կայան՝ աղբի հիմնական հոսքը դեպի Երևանյան լիճ դադարեցնելու համար։


«Այժմ կուտակված աղբը լաստանավի միջոցով տեղափոխվում է գետի հունից դեպի ափ, որտեղ ավտոկռունկով բարձվում է բեռնատարների վրա և տեղափոխվում աղբավայր»,- ասաց քաղաքապետարանի աշխատակիցը։