ԵՄ-ն Եգիպտոսին ու Թունիսին կվերադարձնի Մուբարաքի և բեն Ալիի փողերը
Եվրոպական Միության խորհուրդը որոշել է Եգիպտոսին ու Թունիսին վերադարձնել Հոսնի Մուբարաքի ու Զին ալ-Աբդին բեն Ալիի տապալված ռեժիմների փողերը, հայտնում է Russia Today-ը։ Այդ միջոցները, ինչպես հայտնել են ԵՄ-ից, ապօրինի կերպով յուրացվել են տապալված ռեժիմների կողմից և այժմ պետք է ուղղվեն երկրների զարգացմանը։
«Մենք չենք խնայի ոչ մի ջանք, որպեսզի ժողովուրդներին վերադարձնենք հափշտակված միջոցները»,- հայտարարել է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։
Նախկին նախագահների ու նրանց մերձավորների կարողությունը միլիոնավոր եվրո է կազմում։ Թե որքանը կվերադարձվի երկրներին, դեռ հայտնի չէ։
Մուբարաքի անձնական միջոցները եվրոպական բանկերում սառեցվել էին 2011թ. մարտից, իսկ բեն Ալիինը՝ 2011թ. հունվարից:
Մուբարաքի, բեն Ալիի միջոցների առգրավման հիմք են տվել աղմկահարույց դատական գործընթացներն այդ երկրում. նախկին նախագահները մեղավոր են ճանաչվել պետական միջոցների յուրացման մեղադրանքով, հիշեցնում է Reuters-ը։










