«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակչի տոմսերը վաճառվել են ընդամենը 22 րոպեում

12:22 • 27.11.12

«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի եզրափակիչ փուլի տոմսերը վաճառքի հանվելուց ընդամենը 22 րոպե անց սպառվել են՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե հանրության շրջանում որքան մեծ է այս մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը, գրում է Euromag-ը՝ հղում անելով The Local-ին։

 

«Մենք անչափ ուրախ ենք, որ տոմսերը նման կարճ ժամանակահատվածում են սպառվել։ Ինչ վերաբերում է դրանց գներին, ապա ամենաէժան տոմսերն արժեն 10 եվրոյից ոչ ավելի և հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին ներկա գտնվել այդ ցնցող շոուին»,-նշել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Մարտին Օստերդալը։

 

Կազմակերպիչները նշել են, որ տեխնիկական բնույթի պատրաստությունների ավարտից հետո, վաճառքի կհանվի տոմսերի ևս մի խմբաքանակ։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013»-ն այս տարի կանցկացվի շվեդական Մալմյո քաղաքում՝ մայիսի 14-ին, 16-ին և 18-ին։