Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը տեղափոխելու ժամկետը դեռ հստակեցված չէ
Նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում վիրահատությունից հետո առաջացած բարդություններից մահացած Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելու ժամկետը դեռևս հայտնի չէ:
«Մենք սպասում ենք Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության պատասխանին, որը ամերիկյան կողմի հետ ձեռնամուխ է եղել երգչուհու աճյունի տեղափոխման փաստաթղթային ձևակերպմանը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Ալլա Սերոբյանը:
Հիշեցնենք, որ երգչուհու ընտանիքը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանի միջոցով տեղեկացրել է, որ Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան:
Իսկ աճյունի Հայաստան տեղափոխման ժամկետների հստակեցումից հետո, վարչապետի որոշմամբ կձևավորվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով, կկազմակերպվեն երգչուհու հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:
Այսօրվա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաև այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան։ ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար չի հատկացրել։ Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանն էլ, ում թերթը դիմել էր պարզելու, թե ինչու Կառավարությունն իր վրա չի վերցնում երգչուհու մարմինը տեղափոխելու ծախսերը, հայտնել է, որ բյուջեով նախատեսված է հուղարկավորությունը կազմակերպելու համար մինչև 1 միլիոն 700 հազար գումար հատկացնել, և նաև գումար՝ Մարտիրոսյանի մարմինը տեղափոխելու ծախսերը փոխհատուցելու համար։
Ալլա Սերոբյանից փորձեցինք պարզել, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ և որքա՞ն է փոխանցվել գործարարների կողմից, սակայն նա նշեց, թե տեղեկացված չէ:










