Հայտնի են Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովի անդամները
Այսօր կառավարությունը որոշում է ընդունել և իր կայքում տեղադրել վարչապետի որոշումը՝ Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորության մասին, որի երրորդ կետով նախատեսվում է ստեղծել երգչուհու մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով: Այս մասին Tert.am –ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
Ֆլորա Մարտիրոսյանի թաղման կառավարական հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝ հանձնաժողովի նախագահ, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հայկ Բեգլարյանը , մշակույթի նախարարի տեղակալ Արևիկ Պողոսյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական խորհրդից՝ Նաթան արքեպիսկոպոսը, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, «Հայաստանի երաժշտական ընկերության» նախագահ Դավիթ Ղազարյանը, երգիչ Ռուբեն Մաթևոսյանը և երգչուհու ազգականները՝ Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ որդին՝ Մ. Սահակյանը և եղբոր որդին՝ Ա. Մարտիրոսյանը:
Որոշման մեկ այլ կետով նախատեսվում է փոխհատուցել երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման փաստացի ծախսերը և նրա հուղարկավորության հետ կապված ծախսերը` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
«Դեռևս 2001 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության ծախսը կազմում է մինչև 1.7 միլիոն դրամ, իսկ գերազանցելու դեպքում՝ կրկին գումար է հատկացվում»,- հավելեց վարչապետի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ նշված ծախսերը կարվեն 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին :










