Միջազգային կազմակերպությունները առժամկետ դադարեցնում են Խոսրովի արգելոցի ֆինանսավորումը

15:11 • 27.11.12

Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը հայտարարեցին, որ առժամանակ դադարեցնում Խոսրովի արգելոցի հետ իրենց աշխատանքը` պայմանավորված Խոսրովի արգելոցում վերջերս տեղի ունեացած որսագողության և նոր տնօրենի ընտրության մրցույթի հետ:


Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի
տնօրեն Կարեն Մանվելյանը ասում է, որ նամակով դիմել են բնապահպանության նախարարին, որպեսզի չեղյալ հայտարարվի այդ մրցույթը:


«Մինչև այսօր Խոսրովի արգելոցում հիմնադրամի կողմից 0.5 մլն դոլարին համարժեք գումար է ներդրվել, որոնք օգտագործվել են տարբեր նպատակներով: Այդքան ներդրումներից հետո, որ իրականացնում է և՛ պետությունը, և՛ մասնավոր հատվածը, մարդիկ կան, որ մտածում են, որ ժամանակն է արդեն մեր ձեռքը այդ ամենի վրա դնելու և օգտագործել սեփական նպատակներով: Մեր կարծիքով տնօրենի պաշտոնին հավակնող նոր անձը չի համապատասխանում իր պաշտոնին, քանի որ չի համապատասխանում այդ պաշտոնի համար նախատեսված չափանիշներին»,- ասաց Կարեն Մանվելյանը:


Կովկասի բնության հիմնադրամի Հայաստանում ազգային համակարգող Արման Վերմիշյանի կարծիքով էլ տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթը անցել է  խախտումներով և պատասխան պետք է տան նաև ժյուրիի անդամները: «Մենք կտրականապես դեմ ենք, որպեսզի լինի մարդ, ով չունի համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն: Մենք ևս առժամկետ դադարեցնում ենք մեր ֆինանսական աջակցությունը Խոսրովի արգելոցին, մինչև նոր մրցույթ չհայտարարվի:


Մենք ցանկանում ենք մեր ներդրումների դիմաց իսկապես տեսնել առաջընթաց, որպեսզի անիմաստ ներդրում չստացվի: Պատասխանատվության ինստիտուտը մեր երկիր կամաց-կամաց պետք է ներդրվի»,- ասաց Արման Վերմիշյանը:


«Կովկասի բնության հիմնադրամը», որը ուղղակի ֆինանսական օգնություն է ցույց տալիս հատուկ պահպանվող տարածքներին, Խոսրովի արգելոցում 250 հազար եվրո արժեցող եռամյա ծրագիր ուներ, որն այս տարի պետք է վերջանար: «40 հազար եվրո պետք է փոխանցվեր նաև Խոսրովի արգելոցին, բայց ոչ մի կոպեկ այլևս չենք տալու: Հիմնադրամի կողմից տրվող գումարը ծառայում է ընթացիկ ծախսերի բավարարման համար և աշխատողների աշխատավարձերին բոնուսներ ենք ավելացնում»,- ասաց Արման Վերմիշյանը:


Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի
տնօրենի կարծիքով Խոսրովի արգելոցում տիրող իրավիճակը ընդհանուր խնդիր է, նույն կացինը կախված է նաև մյուս պահպանվող տարածքների վրա: «Նման վերաբերմունք չի կարող լինել Խոսրովի արգելոցի նկատմամբ: Այնտեղ կառավարման համակարգում շատ լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է վերանայվեն: Մենք չէինք կարող այլևս աչքներս փակել այս իրավիճակի վրա»,- ասաց Կարեն Մանվելյանը: