Քեթրին Էշթոնը հանդես է եկել Վրաստանում ընտրովի արդարադատության դեմ
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն այսօր Վրաստանում հայտարարել է, որ «ընտրովի արդարադատություն չպետք է գոյություն ունենա, իսկ քաղաքական հակառակորդները չպետք է հետապնդվեն», հաղորդում է Грузия Online-ը:
Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ նախկին հանցագործությունները պետք է հետաքննվեն, և դա պետք է ընկալվի որպես անաչառ, անկողմնակալ, թափանցիկ հետաքննություն:
«Ես ուրախ եմ, որ պատմական խորհրդարանական ընտրություններից և անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանության ժողովրդավարական փոխանցումից հետո կրկին Վրաստանում եմ գտնվում: Այդ կապակցությամբ շնորհավորել եմ Վրաստանի նախագահին և վարչապետին և երկու կողմերին կոչ արել շարունակել օգտագործել իրենց պաշտոնները և հաստատությունները՝ հաջող կառավարմանը կառուցողական աջակցություն ցուցաբերելու նպատակով», - ասել է Քեթրին Էշթոնը:
Նա բոլոր կողմերին հորդորել է վրացական քաղաքականության մեջ պահպանել եվրոպական ժողովրդավարության, ազատության և օրենքի գերակայության արժեքները:










