Եվրոպական դատարանը «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով արդեն որոշում է կայացրել
Եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, հաղորդում է Грузия Online-ը:
Նա նշել է, որ խոսքը վերաբերվում է գործին, որի շրջանակներում քննվում է 2006թ. էթնիկ վրացիների Ռուսաստանից արտաքսումը:
«Հայտնի է, որ Ստրասբուրգի դատարանում «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» երկու միջպետական գործ կա: Առաջինի գործընթացն ավարտվել է, այսինքն, միակ բանը, որ մնում է՝ դատարանի որոշման հայտարարումն է: Որոշումն արդեն ընդունված է, սակայն դեռ անհայտ է, թե ինչ որոշում է: Հույս ունեմ, որ այդ գործը կավարտվի այնպես, որ մեր երկրի շահերը պաշտպանված կլինեն», - նշել է նախարարը:
Ինչ վերաբերվում է երկրորդ գործին, որը Վրաստանը ներկայացրել է ՌԴ-ի դեմ 2008թ. օգոստոսին, ապա ինչպես հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը, այն դեռ հեռու է ավարտական փուլից, իսկ դրա վերաբերյալ կանխատեսումները նախարարը անհնար է համարում:










