Վրացի մաքսավորները ՀՀ–ից դուրս եկող բեռների քաշում տարբերություն են գտել, մաքսակետում կուտակումներ են
Այսօր վաղ առավոտից վրացական «Սադախլո» մաքսակետում հայկական բեռնատարների հերթ է գոյացել։ Պատճառը վրացի մաքսավորներն են, որոնք հայկական բեռների քաշի հետ կապված նոր պահանջներ են ներկայացրել վարորդներին:
Tert.am–ի հետ զրույցում բեռնափոխադրումների «Սաթի» ընկերության տնօրեն, «Բեռնառաքողների միության» նախագահ Մակար Առաքելյանն ասաց, որ այս սահմանափակումները վերաբերում են ՀՀ-ից դուրս եկող բեռներին:
«Ինչ-որ քաշի տարբերության հարց է, որ իրենք, կարծես թե, չեն համաձայնում … այստեղի կշեռքի ու քաշի հետ փաստաթղթային ձևակերպումը չնչին տարբերություն է տվել»,- ասաց Մակար Առաքելյանը:
Նշենք, որ ըստ որոշ տվյալների, որոնք մեր զրուցակիցը հաստատեց, այդ անհամապատասխանության պատճառով վրացի մաքսավորները պահանջում են 2000 լարի (մոտ 1200 դոլար) տուգանք վճարել:
«Իրենց մոտ սա ոնց որ նոր որոշում է»,- ասաց «Բեռնառաքողների միության» նախագահը՝ ավելացնելով, որ խնդիրն այսօր է առաջացել, քանի որ և՛ երեկ, և՛ դրա նախորդ օրը, հայկական մեքենաները հանգիստ անցել են:
Նշենք, որ այս բեռները Վրաստան են մտնում որպես տարանցիկ երկիր և ինչպես մեզ հետ զրույցում նշեց Մակար Առաքելյանը, Հայաստանից արտահանվող պարենային տարբեր ապրանքատեսակներ են՝ ջուր, միրգ, գինի, հյութ, գարեջուր, կոնյակ, ինչպես նաև քար: Փչացող ապրանքներից միրգը և բանջարեղենը հիմնականում տեղափոխում Ռուսաստան:
Ի պատասխան հարցի, թե նման վերաբերմունքը արդյոք Վրաստանի նոր իշխանությունների վերաբերմո՞ւնքն է և այն կարո՞ղ է վնաս հասցնել տեղական արտադրությանը, Մակար Առաքելյանն ասաց, որ մեկ օրով դժվար է նման դատողություն անել և հավելեց, որ նման հայտարարություն չի կարող անել, մինչև անձամբ չտիրապետի այս մասին ստույգ տեղեկատվության:
Մակար Առաքելյանը նոր պարզաբանմամբ խոստացավ հանդես գալ այսօր ավելի ուշ:










