Ավելի քան 42 մլրդ դոլար. սուպերփոթորկի սուպերվնասը Նյու Յորք նահանգին
ԱՄՆ Նյու Յորք նահանգին «Սենդի» սուպերփոթորկի հասցրած վնասի չափերը գրեթե կրկնապատկվել են՝ ըստ վերջին հաշվարկների, որոնք ներկայացրել է Courier Mail-ը: Ըստ այդմ՝ նախնական 20-25 մլրդ ԱՄՆ դոլարի փոխարեն այժմ նշվում է 42 մլրդ թիվը:
Նոր թիվը նշվում է վերականգնողական աշխատանքների ծախսերի հիման վրա. արդեն իսկ ծախսվել է 32,8 մլրդ դոլար: Եվս 9,1 մլրդ էլ ծախսվել է փոթորկից առաջ՝ կանխարգելիչ միջոցառումների համար:
Նյու Յորքի և Նյու Ջերսիի կրած ընդհանուր վնասի չափը գնահատվում է 60 մլրդ դոլար:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Սենդիի» հետևանքներն ավելի ծանր են, քան 2005-ի տխրահռչակ «Կատրին» փոթորկինը: Չնայած «Կատրինը»՝ 1 833 զոհով, գերազանցում է 110 մարդու կյանք խլած «Սենդիին»:
«Սենդիի» «հայտնի զոհերի թվում» աղբյուրը նշում է Ազատության արձանը, որը փոթորկի նախօրեին էր վերաբացվել:










