Ցեղասպանության ճանաչման, ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված հարցերը մեկ շղթայի օղակներն են. Տիգրան Սարգսյան

10:18 • 27.11.12

 

Ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը մեկ շղթայի օղակներն են։ Խոսելով հայ թուրքական հարաբերությունների մասին, ռուսական Известия թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ Ցեղասպանությունն առնչվել է յուրաքանչյուր հայ ընտանիքի։



«Իմ պապերը նույնպես վերապրել են 1915-ի սարսափը և հազիվ են փրկվել։ Մեր ողջ կյանքը կապված է այդ հիշողությունների հետ։ Իմ պապն այդ դեպքերի ժամանակ կորցրել է ողջ ընտանիքը, նա տան փոքրն էր։ Այնպես որ, Ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման հետ կապված հարցերը մեկ շղթայի օղակներն են»,- նշել է նա։


Տիգրան Սարգսյանն ասել է նաև, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ մեղավորները պետք է պատժվեն։ 

 

 

«Մենք փորձում ենք զսպել մեր հույզերը՝ կապված 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հետ։ Այդ իսկ պատճառով, մեր նախագահի նախաձեռնությամբ բանակցություններ ենք սկսել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ։ Մեզ աջակցել են Եվրոպական Միությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, իսկ Շվեյցարիայում ստորագրվել են արձանագրությունները (Հայ-թուրքական - Tert.am)»,- ասել է վարչապետը։

 

Նա նշել է, որ ՀՀ իշխանությունների վրա մեծ ճնշում էր գործադրվում։ «Հայկական սփյուռքը դեմ էր բանակցություններին և թուրքերի հետ արձանագրությունների ստորագրմանը։ Սակայն մեր քաղաքական վարկանիշը (ստորագրումից հետո-Tert.am)՝ որպես հուսալի գործընկերոջ, կտրուկ աճեց»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

 

Ըստ նրա՝ այժմ գնդակը թուրքական կողմում է։ «Այնտեղ կա հոսանք, որը ցանկանում է քաղաքացիական հասարակության ձևավորում և ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Եթե ինձ այդ մասին ասեին 20 տարի առաջ, ես չէի հավատա»,- հավելել է նա։


Լուսանկարը՝ Известия-ի