Իմ խորին համոզմամբ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ. Սերժ Սարգսյան

21:56 • 27.11.12

Ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի և տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից երեկ երեկոյան տրվել է պաշտոնական ընթրիք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից։


Լիբանանի նախագահին, նրա տիկնոջը, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, պաշտոնական ընթրիքի բոլոր մյուս մասնակիցներին ուղղված բաժակաճառում Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար:


Սերժ Սարգսյանը խոսել է երկու հինավուրց, բարեկամ ժողովուրդների պատմական անցյալի, ներկայում հուսալի գործընկերներ Հայաստանի և Լիբանանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջպետական բազմոլորտ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու երկկողմ ցանկության ու պատրաստակամության մասին: Հայաստանի նախագահը մաղթել է Լիբանանին և նրա ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և անսասան ազգային միաբանություն:


«Մեր ժողովուրդների առնչությունները սկիզբ են առնում անհիշելի ժամանակներից, իսկ հայկական ներկայությունը Լիբանանում չափվում է դարերով: Կարծում եմ ամենևին պատահական չէ, որ հենց Լիբանանում է երկուսուկես դար առաջ իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը: Հայերն իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում: Առաջին համաշխարհայինի տարիներին Լեռնալիբանանի ինքնավարության վերջին կառավարիչն էր հայազգի Օհաննես փաշա Կույումճյանը, որը պայքարում էր շրջանի բնակչությանը երիտթուրքերի ճնշումներից զերծ պահելու համար, և նրա պաշտոնանկությամբ ու ինքնավարության վերացումով Օսմանյան կայսրությունն սկսեց կոտորածների ալիք Լիբանանում:


Իմ խորին համոզմամբ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ: Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար: Ինչպես, եթե ոչ եղբայրական, կարելի է որակել այսօրինակ փոխհարաբերությունները:


Այսօր էլ Լիբանանում բազմահազարանոց հայ համայնքի խաղաղ ու ստեղծագործ գոյությունը խոսքերիս լավագույն վկայությունն է: Եվ այս դահլիճում ներկա իմ հայրենակիցների համար, բնականաբար, ես հպարտ եմ: Շատ շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ, որ մեզ դարձնում եք այդքան ճանաչելի, որ մեր հեղինակությունը, այդ թվում՝ նաև Լիբանանում բարձր եք պահում: Հենց Լիբանանում են ձևավորվել արտերկրում հայության ամենախոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մի քանիսը, որոնց կարևոր դեր է վերապահված սփյուռքում հայապահպանության գործում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Հայ կաթողիկե պատրիարքարանը, արտերկրում միակ հայկական՝ Հայկազյան համալսարանը և այս հողում դարեր ի վեր պահպանված ու փայփայված հայկական հոգևոր, մշակութային բազմաթիվ այլ արժեքները առհավետ շաղկապում են մեզ և մեր ժողովուրդների պատմությունները»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:


Ինչպես Լիբանանից հայտնում է Tert.am-ի թղթակիցը, չնայած խոսակցություններին, որ Լիբանանի ընդդիմությունը կարող է բոյկոտել հանդիպումը, ընդդիմադիր պատգամավորները ևս ներկա են եղել ճաշկերույթին:


Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին և խորհրդարանի անդամներին այն բանի համար, որ, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, Լիբանանը լուրջ քայլեր է ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ և ընդունել է այն դատապարտող երկու բանաձևեր` շահելով համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը:


«Հայաստանի իշխանություններն անկախության առաջին իսկ օրերից մեծ կարևորություն են տվել արաբական աշխարհի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Արաբական երկրներում են բացվել մեր առաջին դեսպանությունները: Իհարկե վերոհիշյալ պատճառներով Լիբանանն արաբական աշխարհում Հայաստանի և հայերիս համար առանձնահատուկ տեղ ունի: Մենք դիտարկում ենք Լիբանանը` որպես Հայաստանի և հայ ժողովրդի թանկ բարեկամ և հուսալի գործընկեր»,- ասել է նախագահը:


Նա նաև հիշեցրել է, որ այս տարին նշանավորվում է Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակով: