Սկսվել է Յասիր Արաֆաթի աճյունի արտաշիրիմումը
Հորդանանի Արևմտյան ափին՝ Ռամալլահում, սկսվել է Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի աճյունի արտաշիրիմման գործընթացը, հայտնում է Al Jazeera-ն։
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, հետազոտության համար դիակից կվերցվեն հյուսվածքների մի քանի նմուշներ, ինչից հետո Արաֆաթին կրկին կհուղարկավորեն Պաղեստինի ղեկավարի նստավայրի տարածքում գտնվող դամբարանում։
Պաղեստինի ինքնավարության հիմնադիրն ու առաջին նախագահ Յասիր Արաֆաթը, ով Նոբելյան մրցանակ է ստացել Իսրայելի հետ հաշտություն կնքելու համար, մահացել է 2004 թ.-ի նոյեմբերի 11-ին՝ Փարիզի ռազմական հոսպիտալում։
Հանգուցյալի մահվան պատճառները պարզելու նպատակով պաշտոնական հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցերում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի գիտնականներն Արաֆաթի անձնական իրերի վրա պոլոնիում 210-ի հետքեր են հայտնաբերվել։ Այժմ նույն գիտնականները շարունակում են հետաքննությունը ՝ Պաղեստինի իշխանությունների հանձնարարականով։
Պաղեստինցիները բազմիցս հայտարարել են, որ Իսրայելը կապ ունի իրենց առաջնորդի մահվան հետ, սակայն պաշտոնական Թել Ավիվը հերքում է այդ մեղադրանքները։










