Ախուրյանցիները արդեն պատգամավոր Արման Սահակյանից պահանջելու են ոչ թե «չնչին նյութական արժեքներ», այլ օրենքներ (տեսանյութեր)
Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը գտնվում է ակտիվ նախընտրական քարոզարշավի մեջ և դրա շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունենում իր ընտրատարածքում գտնվող համայնքներում։
Դրանցից է, օրինակ` Շիրակի մարզի Ախուրյան համայնքը, որտեղ նա ծանոթացավ համայնքի խնդիրներին: Թեկնածուի հետ նախընտրական հանդիպման եկած ախուրյանցիները պահանջում էին իր սեփական մոտեցումն ունենալ գյուղի հիմնախնդիրներ նկատմամբ: Իսկ մի տիկին էլ նշեց, որ դեկտեմբերի 2-ից հետո Արման Սահակյանից պահանջելու են և պահանջելու են, ոչ «չնչին նյութական արժեքներ, որ, ցավոք, արդեն տրադիցիա են դարձել», այլ օրենքներ, որոնք օգտակար կլինեն գյուղացու համար և նա կիմանա իր տեղն ու դերը:
Արման Սահակյանը իր նախընտրական քարոզչության շրջանում եղավ նաև Ջաջուռում՝ Մինաս Ավետիսյանի գյուղում, եղավ մեծ նկարչի տուն-թանգարանում, գրառումների գրքում կիսվեց իր տպավորություններով:
Ջաջուռցիների հետ հանդիպման ընթացքում գյուղացիներից մեկը թեկնածուին Ջաջուռի հիմնախնդիրների լուծման համար հորդորեց «կաթսային» մոտենալ ոչ թե «թղթի», այլ երկաթե շերեփով:
Հիշեցնենք, որ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստանի» կողմից Գյումրիի քաղաքապետ ընտրված Սամվել Բալասանյանի պատգամավորական լիազորությունների դադարեցումից հետո նշանակվեցին ԱԺ լրացուցիչ ընտրություններ, և թիվ 35 ընտրատարածքում առաջադրված են ՀՀԿ-ից`«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը և ՀՀՇ տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արման Սահակյանը այցելեց նաև Շիրակի մարզի Բասեն համայնք, որտեղ նա իր այցի շրջանակներում ներկա գտնվեց 11 տարի առաջ հողակույտի վերածված վերականգնված գյուղի եկեղեցում մատուցվող պատարագին: Պատարագը մատուցվում էր Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել եպիոսկոպոս Աջապահյանի կողմից:
1900 բնակիչ ունեցող Բասենի համար ամենացավոտ խնդիրներից մեկը գյուղից արտագաղթն է: Ըստ գյուղացիների՝ գյուղում աշխատանք չունենալու պատճառով ավելի քան 150 ընտանիք հեռացել են Բասենից, իսկ նախկինում 420 աշակերտ ունեցող գյուղի դպրոց այսօր հաճախում է 160 երեխա:
Բավականին շատ հիմնախնդիրներ ունեցող Բասենի համար ամենակարևորներից են նաև խմելու ջրի և գազիֆիկացման հարցերը, և գյուղացիները վստահ են, որ այս առումով շատ բան ունի անելու այդ տարածքի պատգամավորը:
Բասենցիներին վստահություն է ներշնչում հատկապես այն, որ թեկնածուն խոստումներ չի շռայլում կամ ինչպես նշեց բասենցի տիկինը՝ «ցուցադրական խոստումներ» չի տալիս:
«Եթե էդ մարդը ընդհանուր ժողովրդի ներկայությամբ ոչ մի բան չի խոստացել, ուրեմն՝ բերքատու ծառի գլուխը միշտ խոնարհ է: Ըտուց մէ բան կստացվի»,-ասաց բասենցի մեծահասակ կինը:
Գյուղացիները վստահություն էին հայտնում, որ Արման Սահակյանն է լինելու այն պատգամավորը, ով ԱԺ ում բարձրացնելու իրենց խնդիրները, այն, ինչ չի արվել:
Հույսերը կապված են Բասենի մշակույթի տան և եկեղեցու հետ:
Հարցված բասենցիներից մեկին էլ վստահություն է ներշնչում այն, որ թեկնածուն նախընտրական քարոզչության ընթացքում որևէ թեկնածուի նկատմամբ «սև քարոզչություն» չի իրականացնում, ոչ մեկին չի վատաբանում:
Համայնքային բոլոր հանդիպումները դիտել այստեղ։










