«Եհովայի վկաների» հայցով ՀՀ–ը կվճարի ևս 112 000 եվրո. ռազմական փորձագետը ՄԻԵԴ որոշումը պառակտիչ է որակում

19:23 • 28.11.12

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է հայաստանցի 17 «Եհովայի վկաների» հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության առ այն, որ ՀՀ զինված ուժերում ծառայելն իրենց կրոնական համոզմունքներին դեմ է, ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000–ական եվրո։ Բացի դրանից՝ Կառավարությունը պարտավոր է նրանց բոլորին միասին վճարել 10 000 եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար:


Ինչպես տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից՝ «Խաչատրյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործում ներգրավված էին 19 մարդ, որոնցից երկուսին ՄԻԵԴ-ը մերժել է:




Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի կարծիքով, եթե ՄԻԵԴ խրախուսում է ծառայությունից խուսափողներին, ապա հարցը դրվում է այլ հարթության վրա:


«Շատ ցավում եմ, որ եվրոպական արժեքներ դավանողները չեն ընկալում մեր իրավիճակը և խրախուսում են պառակտիչ կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- Tert.am-ին ասաց նա:


Այս առիթով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց այն մասին, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր հրաժարվում են երկրի անվտանգությանն իրենց մասնակցությունից և նման քայլերի են դիմում:


ՄԻԵԴ կայքում նաև նշվում է, որ 19 «Եհովայի վկաներ» դիմել էին ՀՀ իշխանություններին՝ խնդրանքով կիրառել 2004թ. ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին օրենքը»՝ հաշվի առնելով իրենց կրոնական համոզմունքները, ըստ որոնց, իրենք չեն կարող զենք կրել:


ՄԻԵԴ–ի կայքում նաև ասվում է, որ հաշվի առնելով դա՝ նրանց տեղաբաշխել էին ՀՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումներում, օրինակ՝ հիվանդանոցներում, ծերանոցներում և հոսփիսներում:


Սակայն մեկ տարի անց՝ 2005–ն «Եհովայի վկաները» հայտարարել են, որ այդ հաստատությունները նույնպես գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ, որի պատճառով էլ իրենց համոզմունքներին դեմ է ծառայել նաև այդ հաստատություններում։


ՀՀ կառավարությունը 2007-ի հունվարից մինչ օրս ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռների արդյունքում պետական բյուջեից, այսինքն` հարկատուների հաշվին, վճարել է ավելի քան 200 000 եվրոյին համարժեք դրամ, և ավելի քան 40 000 եվրոյին համարժեք դրամ պետք է վճարվի վերջին վճիռներով: